Լրահոս
Իրավական
12:05
12.06.26
293

«Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ու անդրադառնալ վերաքվեարկության հարցին

Img default alt hy

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը։

Դիմումը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մանրամասնել է, որ փաստաթղթում ներառված են ինչպես քվեարկության օրը, այնպես էլ նախընտրական փուլում արձանագրված զանգվածային խախտումները։

«Դիմումի մեջ ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև՝ քվեարկության օրը։ Շեշտադրել ենք այն ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքը»,- հայտարարել է Վարդևանյանը։

Բացի այդ, նա ընդգծել է, որ ԿԸՀ-ն, դիմումի քննարկման շրջանակներում, իրավական պարտավորություն ունի անդրադառնալու վերաքվեարկության անցկացման հարցին։ Ըստ Վարդևանյանի՝ վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են. եթե անվավեր ճանաչված տեղամասերի արդյունքներն ազդում են ընտրության ընդհանուր ելքի վրա, ապա վերաքվեարկությունն այդտեղ դառնում է պարտադիր։

Արամ Վարդևանյանը նաև տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն ներկայացված դիմումը քննելու է կիրակի օրը, իսկ մինչ այդ կամփոփվեն ընտրատեղամասերում իրականացվող վերահաշվարկի արդյունքները։