Լրահոս
Միջազգային
12:00
11.06.26
172

ԵՄ-ում դիտարկում են Կալլասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հնարավորությունը. ԶԼՄ

Img default alt hy

Եվրամիության անդամ երկրները դիտարկում են ԵՄ դիվանագիտական ծառայության հնարավոր արմատական բարեփոխումների տարբերակներ՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և դրա ղեկավար Կայա Կալլասի աշխատանքային անհաջողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ակնհայտ է, որ (EEAS)-ը չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատեր ժամանակակից աշխարհում։ Այն դիսֆունկցիոնալ է։ Խնդիրը կառուցվածքային է, ուստի կառուցվածքը պետք է վերանայել»,– մեջբերում է թերթը աղբյուրի մեկնաբանությունը։

Նշվում է, որ եվրոպական երկրները քննարկում են Կալլասին և 1 միլիարդ եվրո բյուջե ունեցող նրա գերատեսչությանը լիազորություններից զրկելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով EEAS-ի գործառույթները փոխանցել Եվրամիության անդամ երկրներին։

Աղբյուրների տեղեկատվությամբ՝ Փարիզի առաջարկը ներառում է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավարի ինքնուրույնության հնարավոր սահմանափակում և ամբողջ աշխարհում գտնվող պատվիրակությունների նկատմամբ նրա վերահսկողության թուլացում։ Արդյունքում, ինչպես ընդգծում են աղբյուրները, «իրական ռիսկ կա, որ [EEAS]-ը կոչնչացվի»։ Միևնույն ժամանակ, մասնակից երկրների ներկայացուցիչները վստահ են, որ EEAS-ի բարեփոխումը կարող է օգնել խնայել միջոցները Բրյուսելում և զգալիորեն կրճատել բյուրոկրատական ապարատը։

Եվրոպական որոշ մայրաքաղաքներ մասնավոր զրույցներում պնդում էին, որ այս պահին չափազանց մեծ համընկնում և համակարգման բացակայություն կա EEAS-ի, ազգային ԱԳՆ-ների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ Խորհրդի արտաքին կապերի բաժինների միջև։ Ավելին, Եվրամիությանը պատուհասած ճգնաժամերը եվրոպացի քաղաքական գործիչներին ստիպել են կասկածի տակ դնել EEAS-ի դերի արդյունավետությունը ժամանակին որոշումների կայացումը համակարգելու գործում։ Նշվում է նաև, որ Կալլասը հաճախ արտահայտում է սեփական կարծիքը այն հարցերի վերաբերյալ, որոնց պատասխանը պետք է կոլեկտիվ համաձայնեցված լինի։