Լրահոս
Հասարակական
12:45
12.06.26
61

Դավթաշենում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով «Mercedes G»-ում. «Յաշիկը» դարձել է ոչ շահագործելի

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, թիվ 13 շենքի բակում կայանված «Mercedes G» մակնիշի («Յաշիկ») ռուսական համարանիշներով ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սոս Սերոբյանն ու կրտսեր պարեկ Էդիկ Առաքելյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժիշկների անհրաժեշտությունը չի եղել։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հնարավոր է ավտոմեքենան միտումնավոր են հրկիզել կամ ինքնաբերաբար է բռնկվել։ Իսկ դեպքի վայրում «յաշիկատեր» ներկայացած մի տիկին նեղսրտում էր, թե ինչու ենք նկարահանում դեպքը, ասելով՝ նկարելու փոխարեն գտեք վառողին։