Լրահոս
Միջազգային
22:09
11.06.26
77

Սլովենիայի ԱԳՆ-ն չեղարկել է Նեթանյահուի և երկու նախարարների երկիր մուտքի արգելքը

Img default alt hy

Սլովենիայի ԱԳՆ-ն չեղարկել է նախորդ կառավարության կողմից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, ինչպես նաև հրեական պետության ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի մուտքը երկիր արգելելու որոշումը։

«Այսպիսով, կվերականգնվեն Իսրայելի հետ բնականոն քաղաքական երկխոսության պայմանները։ Քաղաքական երկխոսության և «լուռ դիվանագիտության» միջոցով հնարավոր կլինի ամրապնդել Սլովենիայի դերը Մերձավոր Արևելքում տևական խաղաղության հասնելու ջանքերում», - հայտնել են Սլովենիայի կառավարության մամուլի ծառայությունից։

Լյուբլյանան Պաղեստինի անկախությունը ճանաչել է 2024 թվականի հունիսին։ 2025 թվականի հուլիսին Սլովենիայի կառավարությունն առաջինն էր ԵՄ-ում, որ արգելեց Սմոտրիչի և Բեն-Գվիրի մուտքը երկիր։ Այն ժամանակ Սլովենիայի ԱԳՆ-ում այդ միջոցը որակել էին որպես Իսրայելի կառավարության վրա ճնշում՝ Գազայում հումանիտար իրավիճակը բարելավելու նպատակով։

Յանեզ Յանշայի գլխավորած Սլովենիայի նոր կառավարությունը հաստատվել է երկրի խորհրդարանի կողմից հունիսի 4-ին։ Քաղաքական գործիչը բազմիցս հայտարարել է Իսրայելի նկատմամբ նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը վերանայելու մտադրության մասին, այդ թվում՝ պաղեստինյան անկախության ճանաչման համատեքստում։ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը Յանշայի կառավարության հաստատումից հետո հայտարարել է, որ Իսրայելն առաջին անգամ իր դեսպանատունը կբացի Լյուբլյանայում։ Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Սլովենիայի իշխանությունները չեղարկել են Իսրայել ռազմական արտադրանքի արտահանման արգելքը։