Լրահոս
Միջազգային
22:19
11.06.26
67

Ֆրանսիան առաջարկում է ուժեղացնել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կալլասի դերը․ Reuters

Img default alt hy

Ֆրանսիան առաջարկել է ուժեղացնել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և դրա ղեկավար Կայա Կալլասի դերը։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հունիսի 11-ին Բրյուսելում տարածված մի փաստաթղթի, որն արտացոլում է ԵՄ պաշտոնյաների և դիվանագետների տեսակետները։

Գործակալության տեղեկություններով՝ առաջարկվել է փոփոխությունների երեք տարբերակ։ Առաջին երկուսը, առաջին հայացքից, թուլացնում են EEAS-ը, քանի որ արտաքին քաղաքականության բոլոր գործիքները հանձնում են կամ Եվրահանձնաժողովի, կամ ԵՄ Խորհրդի վերահսկողությանը, որն իրականացնում է գործադիր և օրենսդիր իշխանության գործառույթներ։ Երրորդ տարբերակը, ընդհակառակը, ուժեղացնում է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի դերը՝ ավելի լայն ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում։

Այս դեպքում Կալլասը ԵՀ-ի շրջանակում կստանա ավելի շատ լիազորություններ՝ դառնալով դրա «առաջին գործադիր փոխնախագահը» և ԵՄ հանձնակատարների ու այն դեպարտամենտների ղեկավարը, որոնք պատասխանատու են քաղաքականության լայն շրջանակի համար, ներառյալ՝ արտաքին կապերը, առևտուրը և տնտեսական զարգացումը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, որին ծանոթացել է գործակալությունը, սա կհանգեցնի Եվրահանձնաժողովում Կալլասի դերի ուժեղացմանը, որտեղ նա վեց գործադիր փոխնախագահներից մեկն է և քաղաքականության մի քանի ուղղությունների նկատմամբ վերահսկողությունը կիսում է այլ պաշտոնատար անձանց հետ։

Ավելի վաղ Financial Times (FT) թերթը հայտնել էր, որ եվրոպական երկրները դիտարկում են Կալլասին և նրա 1 միլիարդ եվրո բյուջե ունեցող բաժնին լիազորություններից զրկելու հնարավորությունը՝ EEAS-ի գործառույթները Եվրամիության անդամ երկրներին փոխանցելու նպատակով։