Լրահոս
11:25
21.09.19
388

Ցավդ տանեմ, Հայաստան. Հովիկ Աֆյան

Img default alt hy
Աշխատանքիս բնույթից ելնելով՝ շատ եմ քիթս խոթում ուրիշների գործերի մեջ: Մարդն, ասենք իր մրոտ ձեռքերով եւ նրա կինը՝ իր ամենագեղեցիկ հագուստով նստած է սրճարանում եւ երջանիկ-շվարած աջ ու ձախ են նայում՝ մատնելով իրենց պահի երջանկությունն ու աննախադեպությունը միաժամանակ, եւ ես գրում եմ՝ հորինելով նրանց կյանքը՝ առանց թույլտվության: Կամ մարդը եկել է դեպքի վայրից, իսկ դեպքը մի սարսափելի իրավիճակ է, երբ պատերազմում որդի կորցրածները փոխհատուցում են պահանջում կառավարությունից, եւ ես պետք է ուղղեմ նրա տպավորությունները: Նաեւ տպավորությունները: Մեր մեջ ասած՝ երբեք դա չեմ արել, որովհետեւ ինձ, օրինակ, ոչ ոք չի կարող ապացուցել, թե որքան համե՜ղ է վերմիշելի փլավը, քանի որ իմ մանկության ցուրտ ու մութ, բայց անկախ տարիների ողջ գաղջը փաթաթված է այդ վերմիշելի ամեն հատի վրա:
 
Անկախությունն ուրեմն սեփական տպավորությունն է, կարծիքը, բայց նաեւ այն պաշտպանելու համառությունը:
 
Եւ գրագիտությունը. առանց դրա հնարավոր չէ անկախ լինել: Եթե դու չգիտես, թե պարոն Մարուքեն ինչու անհավատ մնավ հայոց բերդին, ինչո՞ւ էր վարսավիր Վասիլը գրեթե ամեն օր լսում, որ գործ չկա, ինչո՞ւ կոշկակար Սիմոնն այդպես էլ մնաց չհարգված եւ վերջապես ինչո՞ւ են ազգի փրկության համարյա բոլոր պլանները, հենց պլանները, կազմվում Տելեֆոն Սեթոյի սրճարանում, որտեղ հավաքվում է մի ողջ նաիրյան քաղաք՝ մրուրաշաղաղ ատամներով՝ գինի, կոնյակ ու արաղ խմելու, եթե դու չգիտես, թե կարմիր ձին ի՞նչ էր զգում Ծմակուտի էն մեծ դաշտում, ու չես էլ ուզում իմանալ, ուրեմն միշտ կախված ես լինելու նրանցից, ովքեր...Չէ՜, ոչ թե այս ամենը գիտեն, այլ իրենց ժառանգած գանձ-գրադարանը վաճառել են, որ շատ փող ունենան՝ քաղաքում կաֆե բացեն, որ փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ՀՆԱ-ն աճի: Իսկ ովքեր գիտեն, թե Թրեյսիի վագրն իրականում ինչ էր, նայում են այս ամենին ու չեն քնում, եւ էն անքուններից են, որ գիտեն, թե ինչու: Ինչպեսը չգիտեն: Փորձում են, նույնիսկ մեռնելուց հետո:
 
Անկախությունն ուրեմն փորձելն է, որովհետեւ անկախությունը խալխի կաֆեում հարբել-քնելը չէ, անկախությունը սեփական կամքով անքուն մնալն է:
 
Եւ համարձակությունը՝ երեսին թքելու կամ շուրթերը պաչելու: Բոլորի մոտ: Ատելությունն ու սերը թաքցնում են ստրուկները՝ հանգամանքների, համայնքի: Սիրող մարդը չի կարող չատել, ատող մարդը պարտադիր չէ, որ նաեւ սիրի:
 
Անկախությունը սիրելն է ու ատելն է: Ավելի ճիշտ՝ հասկանալն է, թե ում է պետք սիրել, կամ ինչը եւ ինչն է պետք ատել, կամ ում:
 
Ցավդ տանեմ, Հայաստան: