Լրահոս
Միջազգային
21:30
13.07.26
212

ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս

Img default alt hy

ԵՄ դեսպանները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը համաձայնեցնելու հերթական փորձը կկատարեն հուլիսի 15-ին, երբ լրանում է ռուսական նավթի գնի այսպես կոչված «առաստաղի» գործողության ժամկետը։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը։

«Չորեքշաբթի օրը մենք մեր դեսպանների նոր հանդիպումը կունենանք, բայց ես ոչ մի երաշխիք չեմ կարող տալ»,- ասել է նա՝ պատասխանելով պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ հետագա քայլերի մասին հարցին, որը նախարարները չկարողացան համաձայնեցնել հուլիսի 13-ին։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն դեռ չի նախատեսում անցնել «պլան Բ»-ին, որը կենթադրեր ռուսական նավթի գնի «առաստաղի» գործողության ժամկետների առանձին երկարաձգում, եթե այդ որոշումը չընդունվի պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ ընդհանուր համաձայնագրի շրջանակում։ «Ես չեմ կարող բացառել ոչ մի որոշում, բայց մեր նպատակը համաձայնության հասնելն է։ Եթե համաձայնություն չունենանք, մենք կաշխատենք «պլան Բ»-ի վրա, սակայն այժմ աշխատում ենք «պլան Ա»-ի շուրջ»,- ասել է նա։

Ռուսական նավթի եվրոպական գնային «առաստաղի» գործողության ժամկետը լրանում է հուլիսի 15-ին։ Այժմ այն կազմում է 44 դոլար՝ Urals մակնիշի մեկ բարելի դիմաց։ Ենթադրվում է, որ փոխադրողներին արգելված է նավթ տեղափոխել այդ նիշից բարձր գնով։ Եվրահանձնաժողովը փորձում է այս միջոցը ներկայացնել որպես գործող, չնայած այն հանգամանքին, որ ռուսական նավթը ազատորեն վաճառվում և ծովային ճանապարհով տեղափոխվում է այդ «առաստաղից» զգալիորեն բարձր գներով պայմանագրերով։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հունիսին ներկայացնելով պատժամիջոցների 21-րդ փաթեթը, կոչ էր արել ռուսական նավթի գնային «առաստաղը» հաջորդ կես տարվա համար սառեցնել 44 դոլարի մակարդակում, սակայն, ինչպես պնդում են եվրոպական ԶԼՄ-ները, մասնավորապես՝ Euractiv պորտալը, ԵՄ երկրները պնդում են այդ «առաստաղը» բարձրացնել մինչև 58 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Ավելի վաղ Կալլասը խոստովանել էր, որ ԵՄ պատժամիջոցները ցավ են պատճառում եվրոպական տնտեսությանը, սակայն կոչ էր արել «մի փոքր համբերել՝ հանուն երկարաժամկետ շահի։