Լրահոս
Հասարակական
18:34
10.07.26
59

Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Հայկ Սաղաթելյանի, վարչության պետի տեղակալ Գևորգ Մատինյանի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Էրիկ Ս.-ի մարմինը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։

Դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արա Ենգիբարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած տղան ՀՀ պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր։