Լրահոս
Միջազգային
21:45
09.07.26
59

ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) չի հեռանա անվտանգության գոտուց այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի հրեական պետության հյուսիսի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների դասընթացի ավարտական արարողության ժամանակ։

«Մենք (Իսրայելը - խմբ.) կմնանք Հարավային Լիբանանի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի հյուսիսի բնակավայրերի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Նեթանյահուն։ Վարչապետի ելույթի հեռարձակումն իրականացրել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը։

Հուլիսի 8-ին, պատասխանելով լրագրողների հարցերին Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ աշ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ինքը կարծում է, թե Իսրայելը մտադիր է դուրս բերել իր ուժերը Հարավային Լիբանանի շրջաններից։ Ինչպես պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այս հարցի շուրջ «կա պայմանավորվածություն» և «դա վերջնական նպատակն է»։

Հունիսի 26-ին Լիբանանը և Իսրայելը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Վաշինգտոնում ԱՄՆ հովանու ներքո անցկացված հինգ փուլ բանակցություններից հետո։ Դրա համաձայն՝ լիբանանյան զինված ուժերը աստիճանաբար կվերականգնեն «արդյունավետ ինքնիշխան վերահսկողությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ»։ Զինաթափվելու են ոչ կառավարական կազմավորումները և վերացվելու է դրանց ռազմական ենթակառուցվածքը, ինչը պետք է պայմաններ ստեղծի Հարավային Լիբանանից իսրայելական զորքերը դուրս բերելու համար։