Լրահոս
Իրավական
23:35
11.07.26
57

Ռուբեն Վարդանյանի «գործը» կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան

Img default alt hy

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի  գործը  առաջիկա շաբաթներին կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ Վարդանյանի գործով արդեն տրամադրվել է դատավճռի ամբողջական տեքստը, ինչը հնարավորություն է տալիս դիմել Եվրոպական դատարան՝ առանց Ադրբեջանի վերաքննիչ ատյանի որոշմանը սպասելու։

Նշենք, որ ՄԻԵԴ–ը Ադրբեջանին պարտավորեցրել էր մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։

«Հաշվի առնելով, որ վերաքննիչ ատյանը մենք չենք դիտարկում որպես արդյունավետ մեխանիզմ, և պարոն Վարդանյանը նաև հրապարակայնորեն նշել է, որ մտադրություն չունի բողոքարկել վերադասության ատյան, մենք արդեն մտադիր ենք գործը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,– ասել է Սահակյանը։

Նա նշել է նաև, որ մյուս 15 հայ գերիների գործերով ամբողջական դատավճիռները դեռ չեն տրամադրվել։ Ըստ Սահակյանի` փաստաբանների տրամադրության տակ առայժմ միայն դատավճիռների քաղվածքներն են, որոնց հիման վրա բողոքներ են ներկայացվել Ադրբեջանի վերաքննիչ դատարան, բայց նման ընթացակարգը չի կարող արդյունավետ համարվել, քանի որ առանց դատական ակտի պատճառաբանական մասին ծանոթանալու, հնարավոր չէ հիմնավորված բողոք ներկայացնել։

«Մեր գնահատմամբ՝ այդ գործընթացը ձևական է։ Առանց դատական ակտի պատճառաբանական մասի ծանոթ լինելու, հնարավոր չէ արդյունավետ բողոք իրականացնել»,– ասել է իրավապաշտպանը։

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը հավելել է, որ հենց ամբողջական դատավճիռները հասանելի դառնան նաև մյուս 15 գործերով, դրանք ևս կներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան.

«Երբ հասանելիություն կլինի նաև 15 գործով դատավճռի ամբողջական տեքստին, բնականաբար, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվելու են նաև այդ գործերը։ Դատավարական ժամկետներ կան, և մենք առաջիկա շաբաթների ընթացքում Ռուբեն Վարդանյանի գործը ներկայացնելու ենք ՄԻԵԴ»։