Լրահոս
Իրավական
15:37
13.07.26
53

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ

Img default alt hy

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Միաժամանակ, դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ:

Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևան համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ՝ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։