Լրահոս
Միջազգային
11:52
13.07.26
141

Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg

Img default alt hy

Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերջին ալիքի ֆոնին բեռնատար նավերը սկսել են Հորմուզի նեղուցն անցնել անջատված տրանսպոնդերներով՝ առանց իրենց գտնվելու վայրի մասին ազդանշաններ հաղորդելու։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին, հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին, հայտնել է Bloomberg գործակալությունը։

Վերլուծաբանների տվյալներով՝ հուլիսի 12-ին ոչ մի նավ չի անցել նեղուցով բացահայտ կերպով։ Ընդ որում, անջատված տրանսպոնդերներով Հորմուզի նեղուցը հատել է վեց առևտրային նավ։ Բեռնատար նավերի սեփականատերերն անցել են նման գործողությունների ԱՄՆ-ի և Իրանի միջև էսկալացիայի նոր ալիքի, ինչպես նաև այն անորոշության ֆոնին, թե ով է վերահսկում երթուղիները և ապահովում դրանց անվտանգությունը։

Վերջին անգամ ԱՄՆ-ի կողմից նշված հարավային միջանցքով Հորմուզի նեղուցով նավերը բացահայտ անցել են անցյալ չորեքշաբթի։ Իրանի կողմից նշված հյուսիսային երթուղով մի քանի նավ անցել է շաբաթ օրը։

ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ավիահարվածների հետևանքով, ի թիվս այլոց, զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այնուհետև շվեյցարական Բյուրգենշտոկում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ՝ հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվել է առաջին փուլից հետո Քաթարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցություններ անցկացնելու համար։

Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է Իրանի ուղղությամբ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ՝ Հորմուզի նեղուցին վերաբերող մասով։