Լրահոս
Հասարակական
13:16
15.07.26
193

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը

Img default alt hy

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Dodge»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գոռ Վ.-ն, «Ford»-ը վարել է Երևանի բնակիչ 48-ամյա Սուրեն Ս․-ն, իսկ «Hyundai Sonata»-ն վարել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Գ.-ն։

Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել վարորդներից Անդրանիկ Գ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 66-ամյա Անահիտ Գ.-ն, իսկ մյուս ուղևոր 5-ամյա Անահիտ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Որոշ ժամանակ անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Անահիտ Գ.-ն գիտակցության չգալով մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախ «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների, հետո արդեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, իսկ մահացածը նրա տատիկն էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել էին «Ford Tranist», «Dodge» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել էր երկաթե արգելապատնեշներին։