Լրահոս
Առողջապահական
21:53
13.10.19
130

Բժիշկները չեն լսում նորածնի սրտի զարկերը, մայրը՝ լսում է

Մանկական մահացության վերջին՝ ամենաառեղծվածային դեպքից հետո երկու շաբաթ լռություն պահպանած Արմենիա բժշկական կենտրոնը այս շաբաթ ի վերջո պարզաբանումներ տվեց պատմության վերաբերյալ՝՝ սկանդալային հայտարարություններով՝ պարզվում է նորածնային մահացության շուրջ աղմուկը բարձրացել է լրագրողների պատճառով, որ սիրում են խոսել փոքր բաների մասին: Սա այն դեպքում, երբ 2.5 ամսում 4 նորածին և 3 ծննդկան է մահացել: Իսկ սեպտեմբերի 24-ին ծննդաբերած Հայկուհին, որին ասել են, թե պտուղը մահացած է ծնվել, շարունակում է պնդել, որ որդին ողջ է, որովհետև հակառակ իր պահանջներին՝ նրան մինչև հիմա ցույց չեն տվել նորածնի մարմինը:

Քննչական կոմիտեն շաբաթվա սկզբին հայտարարեց, որ քննություն է տանում՝ Հանրապետական ծննդատանը պտղի մահվան հանգամանքները պարզելու համար: Իսկ ուրբաթ Առողջապահության նախարարը ուղղակի հրաժարվեց մեկնաբանել սկանդալը, ասաց ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ չի զրուցել, ոչ էլ պատրաստվում է: Իսկ Հայկուհի Խաչատրյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Բաց նամակով դիմել է վարչապետ Փաշինյանին՝ ահազանգելով, որ ծնելիությունը խթանելու բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն, եթե չբացահայտվեն իր դեպքի նման դեպքերը: Նա կոչ է արել արդարությունը վերականգնել բոլորով միասին: