Լրահոս
Իրավական
17:31
07.01.21
57

«Միջազգային իրավունքը մեր հանդեպ երբեք չի կիրառվի, եթե ՀՀ իշխանություններն ու ԱԳՆ-ն պահանջատեր չլինեն այդ իրավունքի իրացմանը»

Img default alt hy

«Միջազգային իրավունքի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է իրականացվեին քաղաքական լուծումները։ Միջազգային իրավունքը մեր հանդեպ երբեք չի կիրառվի, եթե ՀՀ իշխանություններն ու ԱԳՆ-ն պահանջատեր չլինեն այդ իրավունքի իրացմանը»,-հայտարարեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը`«Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովին։

 Նրա խոսքով, գերեվարված անձինք գտնվում են միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, բայց մինչ օրս լիարժեք հնարավոր չի եղել ապահովել այդ պաշտպանվածությունն ու նրանց իրավունքների իրացումը։  

 Իրավապաշտպանը նշեց, որ միջազգային նորմերով ամրագրված է, որ ակտիվ հակամարտության դադարումից և խաղաղության հաստատումից հետո գերեվարված անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք։ Նրա խոսքով՝ կան նաև այլ կանոններ․ «Եթե անհապաղ ազատ չեն արձակվում, գործ ունենք կամայական ազատազրկումների հետ, ինչպես նաև կարող ենք խոսել առևանգումների, պատանդառությունների մասին, որոնք նաև հանդիսանում են Ժնևյան կոնվենցիային կից առաջին արձագանգրության էական խախտումներ, որոնք որակվում են որպես պատերազմական հանցագործություններ»,-ասաց նա։

 Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ միջազգային իրավական ռեժիմը ոչ միայն սահմանել է կանոններ, այլ նախատեսել է հետևանքներ, սակայն այս դեպքում չի ապահովվել ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ու նրանց վերադարձը, այս ամենն ունի քաղաքական նախադրյալներ։

 «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի կարևորել գերիների վերադարձի հարցը և այս խնդրի հանգամանալից կարգավորումները, դրանցում մատնանշված չեն եղել ժամկետներ և կարևոր նախապայմաններ դուրս են մնացել»,-ասաց իրավապաշտպանը։

 «Նման կարգավորումներ չեն եղել, արդյունքում մենք բախվում ենք խնդիրների․ ակնհայտ անբարեխղճություն Ադրբեջանի կողմից, հերքվում են անգամ անվիճելի դրվագները։ Տեսնում ենք անգամ ցինիզմի տարրեր»,-ասաց Սահակյանը։