Լրահոս
Միջազգային
22:17
25.06.26
67

ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները

Img default alt hy

Միացյալ Նահանգները Վենեսուելային կփոխանցի հանրապետության երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները՝ վնասի չափը գնահատելու և վերացման աշխատանքները պլանավորելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք նաև օգնում ենք նրանց օդատիեզերական հետախուզության որոշակի լուսանկարներով, հատկապես առափնյա շրջանների վերաբերյալ, որոնցում վնասի չափի մասին նրանք հստակ պատկերացում չունեն», - ասել է նա՝ պատասխանելով Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում լրագրողների հարցերին։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս օրերին գտնվում է Մերձավոր Արևելքի երկրներում շրջագայության մեջ։

Ռուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ-ից Վենեսուելա բեռների և մասնագետների տեղափոխումը կապահովի նախևառաջ Պենտագոնը։ «[Կարակասի միջազգային] օդանավակայանը լուրջ վնասներ է կրել, այնպես որ մենք ստիպված կլինենք ապավինել [ԱՄՆ] ռազմական գերատեսչությանը՝ այնտեղ ուժեր և միջոցներ տեղակայելու համար», - հայտարարել է պետքարտուղարը։

Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումով գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։ Երկրաշարժից հետո գրանցվել է շուրջ 30 հետցնցում։ Երկրի նախագահի լիազոր Դելսի Ռոդրիգեսի խոսքով՝ 164 մարդ զոհվել է, 971-ը՝ տուժել։ Տասնյակ շենքեր ավերվել են։ Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել։ Կառավարությունը առափնյա Լա Գուայրա նահանգը հայտարարել է աղետի գոտի։