Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:14
07.01.21
65

«Լուրեր են շրջանառվում, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կայանալիք հանդիպմանը լրացուցիչ պայմանագիր կստորագրվի»

Img default alt hy

Լուրեր են շրջանառվում, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կայանալիք հանդիպմանը պետք է լրացուցիչ պայմանագիր ստորագրվի. հունվարի 7-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ «Այդ լրացուցիչ պայմանագիրն արդեն մանրամասնելու է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։ 9-րդ կետով սահմանվում էր, որ պետք է ապահովվի ճանապարհը, որը կկապվի Ադրբեջանի արևմտյան հատվածները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, որպեսզի և առևտրային և քաղաքացիների տարածման հնարավորություն ստեղծվի։ Ըստ լուրերի՝ ճշգրտվելու է այդ ճանապարհաշինարարական աշխատանքները։ Կրկին ըստ լուրերի՝ այդ փաստաթղթով լրացուցիչ հայկական տարածքներ են հանձնվելու օրինակ՝ Տավուշի շրջանից»։

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը, ինչը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ է:

 «Պետք է անմիջապես գործ հարուցված լիներ։ Նրա լիազորությունները պետք է դադարեցված լինեին։ Խոսքը պետական դավաճանության մասին է, իշխանության յուրացման  և այլն։ Սահմանադրական կարգի տապալման մասին արդեն փաստերն առկա են, և որևէ լրացուցիչ հետաքննություն անելու կարիք չկա։ Մենք որակում ենք, որ նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունը միջազգային պայմանագիր է, որի արդյունքում նաև արդեն, փաստացի, ունենք իրավիճակ, երբ ՀՀ տարածքային ամբողջականությունն է ոտնահարվել, իսկ մեր Սահմանադրությունը ներդրած ունի հստակ զսպող, հակակշռող մեխանիզմներ, որպեսզի բացառի հենց այսպիսի իրավիճակը»,- նշեց նա։

 Մելոյանն ասաց, որ ստորագրած այդ հայտարարությունը հայկական կողմը նախ պետք է ուղարկեր Սահմանադրական դատարան՝ դատական եզրակացություն ստանալու համար. «Պետք է այդ փաստաթուղթը ներկայացվեր Սահմանադրական դատարան՝ ստանալու դրական եզրակացություն Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից, այնուհետեւ պետք է ներկայացվեր Ազգային ժողովի վավերացմանը։ Այս գործընթացները չեն պահպանվել և Փաշինյանը միանձնյա իրեն թույլ է տվել ստորագրելու այդ փաստաթուղթը։ Ըստ էության, այդ փաստաթուղթը մեր օրենսդրության համատեքստում առոչինչ է»։