Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:12
18.01.21
80

«ԼՂ-ի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի մերժել». Լավրովի պատասխանն ադրբեջանցի լրագրողին

Img default alt hy

Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու են հայ պաշտոնյաներն այցելում Ղարաբաղ «առանց Բաքվի թույլտվության, և որն է այդ առնչությամբ Մոսկվայի դիրքորոշումը»:

«Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, արձանագրված է կողմերի համաձայնությունը, որ կապահովվի կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ: Ղարաբաղի հետ Հայաստանի կապը ոչ ոք երբեք չի մերժել: Տասնամյակներ շարունակվող բանակցությունների ընթացքում երբեք չի հնչել Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որևէ մեկի կողմից չի մերժվել: Եվ այն նախկինի պես կողմերի համաձայնության, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնության առարկա է հանդիսանում։ Ճիշտ այդպես հուսալի և մշտական կապ կհաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև:  Դա ամրագրվել է եռակողմ հայտարարության մեջ: Եթե մենք համաձայն ենք (իսկ բոլորը դրանում համաձայն են), որ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջև կապ, չեմ տեսնում այդ մակարդակում շփումներին խոչընդոտելու պատճառներ»,- ասել է Լավրովը:

Հայաստանի պաշտոնյաները ներգրավված են ԼՂ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացում, ինչը որևէ բացասական արձագանք չի ստանում Ադրբեջանի կողմից, և, ըստ Լավրովի՝ տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ: