Լրահոս
Աշխարհ
16:10
07.01.21
81

Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո Թրամփը իշխանության խաղաղ փոխանցում է խոստացել

Img default alt hy

Նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ որոշումը «նշանավորում է ԱՄՆ նախագահության պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտը», tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Չնայած նրան, որ ես միանգամայն համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, և փաստերը հաստատում են դա, այնուամենայնիվ, հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության խաղաղ փոխանցում։

Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հասնենք միայն օրինական ձայների հաշվարկին։ Թեև սա նախագահական պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտն է, այն իրականում Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար մեր պայքարի սկիզբն է»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ:

Ինչպես  ավելի վաղ հաղորդել էինք, Կոնգրեսը Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած անկարգությունների և Վաշինգտոնում պարետային ժամի ֆոնին հաստատել է նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը։

Կոնգրեսում ընտրիչների ձայների հաստատումը բացառում է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու սահմանադրական հնարավորությունները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել էր: Ցուցարարների մի մասը ներխուժել էր Սենատի նիստերի դահլիճ: Այդ դեպքերի ֆոնին Վաշինգտոնում պարետային ժամ էր հայտարարվել:

Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտիի խոսքով՝ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել։

«Ոստիկանության աշխատակիցը ծառայողական զենքից կրակել է կնոջ վրա։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Կապիտոլիումի մոտ ևս երեք մահվան դեպքերի մասին»,- ասել էր Կոնտին: