Լրահոս
Քաղաքական
19:00
18.01.21
96

83 հոգանոց ուսապարկերի արանքում այսպիսի մտքերը լղոզվում, անցնում են. Լիլիթ Գալստյանը ՝ Արփի Դավոյանի հայտարարության մասին

Img default alt hy

Այս տարվա խորհրդարանական առաջին քառօրյայի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հայտարարել էր, որ ունեն լրջագույն խնդիրներ և դրանց անունը ընդդիմություն է՝ խորհրդարանական և արտախորհրդարանական։ «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ նշել էր, որ գերիների հարցը շահարկելով՝ ընդդիմությունը ընդամենը իշխանության աթոռի օրակարգ է լուծում։

Armdaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը նշել է. «Երբ տեսա այդ «մտքի գոհարը», նախ մտածեցի՝ այդ անմեղսունակներին ինչ բացատրես, եթե մինչև հիմա նրանք չգիտեն, որ ընդդիմությունը քաղաքական համակարգի անբաժանելի մասն է, ապա սրանց բացատրելու բան չկա։ Եթե ասեմ անմեղսունակ, որքան էլ արդարացված, կհավասարվեմ իրենց. հայհոյախոսությունն իրենց է բնորոշ, բայց մյուս կողմից էլ, եթե դրանց չես պատասխանում, հասարակության մի մոլորված մասի մոտ այդ տգիտությունն ու ամբարտավանությունն ընկալվում է իբրև նորմ, երբ դա պետականության հետ հազարավոր մղոներ առնչություն չունեցող զառանցանքը մտածողություն է։ Եվ այդ տխրահռչակը Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել ինչ-որ մի պահ։ 83 հոգանոց ուսապարկերի արանքում այսպիսի մտքերը լղոզվում, անցնում են, հասարակությունը կուլ է տալիս, բայց հենց այդ անխմբագրելի տգիտությամբ ու անմեղսունակ համառությամբ ու հանձնառությամբ իրենք տապալեցին Հայկական երկու պետականությունները՝ մեկը կորստի մատնելով, իսկ մյուսը՝ կորստի ճանապարհին դնելով։

Քաղաքական մտածողության այդ մակարդակի գոյությունը խորհրդարանում ողբերգություն է։ Դրանք սպառնալիք են Հայաստանի պետականության մնացորդի համար։ Դավաճանների ոհմակից այդ նույն ստահակը նոյեմբերի 9-ի գիշերը ազգային աղետն ու պետականության կորուստը նժարեց ԱԺ բռնակներին, դրանից էլ ի՞նչ պահանջես։ Պետք է ժողովուրդն արթնանա, հասկանա, գիտակցի, որ սրանք մեղսակից են Նիկոլի ստանձնած Արցախի կործանմանը: Հիմա լծված են Հայաստանի փլուզմանը։ Այս ոչնչածին բովանդակությամբ ԱԱԾ մեծամասնությունը սպառնալիք է մեր պետականությանը։ Ժողովուրդ, արթնացեք և տեսեք, թե ովքեր են քեզ ղեկավարում»։