Լրահոս
Հայաստան
16:10
29.12.20
95

«Նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է՝ լինի նման հանդիպում». Լիլիթ Մակունցը՝ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման մասին

Img default alt hy

«Նախնական հստակ տեղեկություն չունեմ». այսպիսի պատասխան տվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նախատեսված է Փաշինյան-Ծառուկյան հանդիպում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակում եղավ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հնարավոր հանդիպման մասին:

«Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է՝ լինի նման հանդիպում, առայժմ արարողակարգից որևէ բան չգիտեմ»,- շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին, թե քանի՞ հոգի պետք է հավաքվի հրապարակում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հրապարակում բավարար չափով մարդ չի հավաքվում, որպեսզի ինքը հրաժարական ներկայացնի՝ Մակունցը նշեց.

«Հանրային հեռուստատեսության եթերում ես հանգամանալից անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և այլընտրանքների հետ կապված հարցին: Նախ, տպավորություն է, որ այն անձինք, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և որևէ կերպ չեն անդրադառնում արտահերթ ընտրությունների հնարավորություններին, իրենց կողմից փորձ է կատարվում պարզապես շրջանցել քաղաքացու ընտրության հնարավորությունը և իշխանություն ձևավորելու հնարավորությունը: Մեր քաղաքական թիմը վերահաստատում է այն քաղաքական դիրքորոշումը, որ մեզանից որևէ մեկը կառչած չէ պաշտոններից ու աթոռներից»:

Նրա խոսքով, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսին է քաղաքացիների համալիր մոտեցումն իշխանությունների վերաբերյալ, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, այդ տարբերակը որևէ մեկը չի մերժում, և այն չի կարող մերժելի լինել: