Լրահոս
Հայաստան
15:00
24.12.20
87

Դատախազությունը մեղադրանք առաջադրի պետական դավաճանության հոդվածով և ձերբակալի. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների առավոտից մեկնարկած ակցիաները շարունակվում են, այս պահին քաղաքացիները երթով շարժվում են  դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ նախատեսում է  նստացույց կազմակերպել:

Մինչ այդ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մանրամասնեց, թե իրավական ինչ ճանապարհով է տեսնում իշխանությունների  հեռացումը:

«Առաջին՝ կառավարության շենքում նստած խելագար դավաճանը  հասկանա, մտածի մեր պետության, ժողովրդի մասին և պարզապես հրաժարական տա, ինչի հետ կապված քիչ հույս ունենք, երկրորդ՝ ԱԺ-ն գումարի արտահերթ նիստ և քննարկի Փաշինյանի պաշտոնանկության հարցը, երրորդ՝ դատախազությունը մեղադրանք առաջադրի պետական դավաճանության հոդվածով և ձերբակալի»,- նշեց նա՝ հավելելով, որ  բոլոր ուղղություններով աշխատում են, և, որ այս կառավարությունը հակաազգային, հակապետական, մեր ժողովրդի շահերի պաշտպանության հետ որևէ առնչություն չունեցող կառավարություն է, որի գործունեության արդյունքում օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը:

«Եվ այս իմաստով գտնում ենք, որ իրենք անելիք չունեն և պետք է հեռանան: Եթե այս կառավարությունը այս խեղկատակի գլխավորությամբ շարունակի իր գործունեությունը, այստեղ կանգնած ոստիկանները 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն էլ՝ թոշակ: Մեր երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ, երկրին սպասվում է հումանիտար աղետ: Հիմիկվանից զգուշացնում ենք»,- շեշտեց Սաղաթելյանը՝ շեշտելով, որ Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը նույնը լինելու է Վայոց ձորում և մինչև Երևանի կենտրոն, եթե գործող կառավարությունը մնա:

«Պետք է բոլորս գիտակցենք՝ սա չարիքի կառավարություն է»,- ընդգծեց դաշնակցական գործիչը:

Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը նորից կարողացավ մոլորեցնել  ժողովրդին և հանուն հայրենիքի փրկության պայքարը ներկայացնում է՝ որպես  իշխանություն-ընդդիմություն պայքար, կամ՝ դասարակարգային՝ էլիտա, հներ, նորեր:

«Նման բան չկա, մեր պետության փրկության հարցն է դրված: Կրկին փորձում է մոլորեցնել մեր հասարակությանը, կրկին դարձնում է հնի-նորի պայքար:  Սա հնի և նորի պայքար չէ, սա իշխանության և ընդդիմության պայքար չի: Մեր պետականությունը կործանման եզրին է: Սա չարիքի կառավարություն է, էս մարդը հետևողականորեն երկիրը տանում է կործանման»,- նշեց Իշխան Սաղաթելյանը: