Լրահոս
Հայաստան
11:59
14.01.22
169

Բոլոր նրանք, ովքեր ժամանակին ծվարել էին Աղվան Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք, պատասխան են տալու. փաստաբան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանն անդրադարձել է լրատվական կեղծ կայքով Աղվան Հովսեփյանի հասցեին զրպարտչական, ստահոդ տեղեկություններ հրապարակելուն, որի վերաբերյալ Աղվան Հովսեփյանը հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել սուտ մատնության հատկանիշներով։

Նա նշել է, որ անցած տարվա վերջին էլեկտրոնային «Arm-blog.info» կեղծ կայքէջում լուր էր հրապարակվել Աղվան Հովսեփյանի կողմից, իբրև, բռնաբարություն ու սպանություն կատարելու մասին։
 
«Դրանից հետո Աղվան Հովսեփյանը զրպարտության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել, որի հիմքով նախապատրաստված նյութերով փաստվել է 2 հանգամանք.
 
1) Բռնաբարության ու սպանության թեման զրպարտանք է,
2) «Arm-blog. info» կայքէջի ստեղծողներին ու նյութի հեղինակներին հայտնաբերել չի հաջողվել։
 
Որպես կանոն՝ չեմ անդրադառնում այսպիսի հիմար «լուրերին», բայց այս դեպքում համոզված եմ, որ նման ֆեյքեր տարածողները ու առկա քրեական գործում եղած զրպարտիչները նույն բանակից են։

Ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ ինչպես հերքվեց այս բարբաջանքը, այնպես էլ հերքվելու են ներկայիս քրեական գործում եղած մյուս «մեղադրանքները», իսկ բոլոր նրանք, ովքեր ժամանակին ծվարել էին Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք, պատասխան են տալու։
 
Օրենքով», - հայտարարել է Հովսեփյանի փաստաբանը։