Լրահոս
Հայաստան
15:01
14.01.22
1 125

76-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ուղևորն այրվել է. նոր մանրամասներ ողբերգական վթարից

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 76-ամյա տղամարդը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում, Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հ.Հովսեփյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքերից մեկի դիմաց գտնվող գազատար խողովակին:

Դրա հետևանքով գազի արտահոսքից առաջացած հրդեհից բռնկվել է «Օպել» մակնիշ ավտոմեքենան, որի  հետնամասի նստատեղին գտնվող անձն ամբողջովին այրվել է, իսկ 76-ամյա վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհի հետևանքով ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի շենքերի արտաքին հատվածները: