Լրահոս
Քաղաքական
12:42
05.12.20
103

Շուշին երբե՛ք չի եղել բանակցային փաթեթի մեջ. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցի ժամանակ ընդգծեց՝ Շուշին երբե՛ք չի եղել բանակցային փաթեթի մեջ։

«Ի դեպ,  քանի որ վերջերս դրա մասին խոսակցություն էր գնում, որ իբրև Շուշին միշտ եղել է ինչ-որ բանակցային փաթեթի մեջ։ Երբեք չի եղել։ Երբ ասում էին փախստականների վերադարձի մասին, այդ 80/20 հարաբերակցությունը մեր դիվանագիտական հաղթանակն էր Մադրիդյան սկզբունքների մեջ։ Դա վերաբերում էր հանրաքվեին։ Մենք էինք պնդում, որ Ղարաբաղի վերաբերյալ հանրաքվեն պետք է արվի այդ հարաբերակցությամբ, որովհետև մենք ենթադրում էինք, որ երկար ժամանակ է անցնելու, և մենք չէինք ուզում, որ Ադրբեջանն անձնագրեր դուրս գրելով, հանկարծ հետո չպարզվի, որ 100 հազար ադրբեջանցի է եղել Ղարաբաղում։ Մենք ֆիքսել ենք կոնֆլիկտի սկզբի տոկոսային հարաբերակցությունը։ Դա մեր դիվանագիտական հաղթանակն էր և դա հեշտ չէր։

Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, որ մեկ է՝ ենթադրվում էր, որ փախստականները պետք է վերադառնան, դա ևս մեր դիվանագիտական հաղթանակն է։ Այդ բառը՝ «համաչափ» բառը։ Հայերեն տեքստ չկար ընդհանրապես, որոշումները կար անգլերեն և ռուսերեն տարբերակով։ Երևի մեր պաշտոնյաները լավ չեն տիրապետում ռուսերենին և միգուցե պատճառը դա է։ Բայց այդ համաչափ վերադարձը ենթադրում էր հետևյալը․ Ադրբեջանից հեռացել էին 350 հազար հայ, Ղարաբաղից հեռացել էին կոնֆլիկտի ընթացքում մոտ 40 հազար ադրբեջանցի։ Ընդհանրապես, որևէ բանակցային գործընթացում որևէ մեկը չի կարող ասել, որ դեմ է փախստականների վերադարձին։ Ուղղակի միջազգային հանրության համար բոբո է դառնում։ Հիմա ի՞նչ ենք մենք առաջարկել և հասել դրան։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիք չեն կարող ավելի մեծ իրավունքներ ունենալ, քան Բաքվից, Կիրովաբադից հեռացած հայերը։ Եթե խոսքը գնում է վերադարձի մասին, այդ համաչափությունը ենթադրում է, որ ինչքան հայ վերադառնա Բաքու, Կիրովաբադ, այդ համաչափությամբ ադրբեջանցիք կվերադառնան Ղարաբաղ, 1-ը-7-ի հարաբերակցությամբ, մոտավորապես, 350 հազար՝ 40 հազարի դիմաց։ Եվ սա մեր դիվանագիտական հաղթանակն էր, որի տակ կար լուրջ հիմնավորում։ Մեզ չէին կարող համանախագահներն ասել, որ չէ՝ Բաքվի հայ փախստականներն ավելի նվազ իրավունքներ ունեն։ Սա է։ Բայց ինչպես միշտ, փորձում են փրփրուրներից կախվել և բաներ հորինել»-նշեց ՀՀ երկրորդ նախագահը: