Լրահոս
Քաղաքական
12:59
05.12.20
127

Պետք է լինի իշխանություն, որը Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար ունի բացարձակ վստահություն. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցի ժամանակ, լրագրողի խնդրանքով, անդրադարձավ պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի անմիջական մասնակցությանը, Ռուսաստանի միջնորդական առաքելությանը և հայ-ռուսական հետագա  հարաբերություններին:

«Մեկ բան ուղղակի ավելացնեմ ձեր հարցի առաջին մասին․ նա պատմեց մեկ դրվագի մասին, բայց համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ, և ենթադրվում էր որոշակի զիջումներ։ Եվ մեր իշխանությունը, իմանալով, թե այս ամենը ինչով է ավարտվելու, չգնաց այդ քայլին՝ չպիտակավորվելու պատճառով, և ստացանք վերջում ամենից վատ տարբերակը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, նա ասաց, որ այսօր պետք է գիտակցենք հետևյալը՝ բանակն ահռելի կորուստներ է ունեցել զինտեխնիկայի առումով․ «Չեմ ուզում տոկոսների մասին խոսել, վերջերս մարդիկ հնչեցնում են։ Չեմ ուզում դրա մասին խոսել՝ չվախեցնելու համար մարդկանց։ Ակնհայտ է, որ մեր ուժերով այդ ամենը վերականգնելու և մարտունակ բանակ ունենալու հնարավորություն չունենք։ Մենք էսօր նույնիսկ բանակ չունենք, որ Սյունիքում սահման պահի։ Գյուղացիք աշխարհազորով, տղամարդկանցով հավաքված՝ գյուղի սահմանն են պահում պետական։ Ո՞ւր է մեր կառավարությունը։ Ադրբեջանցիք այն կողմից գալիս են, սահման են գծում, մեր կողմից մեկը չկա, որ բանակցի, ասի՝ այս կողմից չէ, դա այն կողմն է։ Գյուղապետն է դա անում։ Սա՞ է կառավարությունը։ Հիմա այս ամենը նորմալ հունի բերելու համար, և բանակի մարտունակությունը վերականգնելու համար ես չեմ տեսնում այլ երկիր, ում հետ մենք կարող ենք սա անել։ Ռուսաստանն է։ Ուրեմն պետք է շատ ավելի խորը ինտեգրման բանաձևեր գտնել։ Եվ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի գործոնը։

Այս երկու տարվա ընթացքում քանի անգամ այդ մասին ասում եմ։ Թուրքիան լուրջ գործոն է այս տարածաշրջանում։ Թուրքիայի համար Հայաստանը պետք է հնարավորին թուլացնել և ինքը չի հրաժարվելու երբեք նման մտադրություններից։ Չեմ ուզում մանրամասնությունների մեջ մտնել, դա առանձին հարցազրույցի մեծ թեմա է։ Բայց ակնհայտ է, որ և՛ մեր անվտանգության հարցերը, նաև մեր տնտեսական զարգացումները հաշվի առնելով, մեր շուկան փոքր է, Ռուսաստանի շուկան մեծ, ծավալուն շուկա է, մենք Ռուսաստանի հետ պետք է շատ ավելի ինտեգրվելու, հատկապես անվտանգության հարցերում և պաշտպանական կարողությունները ավելացնելու հարցում ինտեգրվելու ավելի խորը ձևաչափեր գտնենք։ Բանակցելու հարց է։ Եվ այստեղ պետք է լինի իշխանություն, որն ունի բացարձակ վստահություն Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։ Սա այն հանգամանքներից ևս մեկն է, որը ենթադրում է շատ արագ իշխանափոխություն, որ մենք կարողանանք սկսել այդ գործընթացը։ Մենք այսօր պաշտպանված չենք, և երկրորդ հարվածը ստանալու վտանգը, այո, կա։

Հարցին՝ այս իշխանությունների հետ, կարծում եք, չի՞ ստացվի, նա պատասխանեց․

«Երբեք չի ստացվի։  Մի դրվագ ընդամենը․ մինչև պատերազմը սկսելը, եթե չեմ սխալվում, մի քանի ամիս առաջ, անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել մի մարդ, որի առջև խնդիր էր դրված ռուսական գործակալներից ազատվել։ Ռուսական գործակալներ՝ ենթադրվում է նրանք, որոնք Ռուսաստանում կրթություն են ստացել։ Ընդամենը պատերազմից մի քանի ամիս առաջ։ Եվ դուք ո՞նց էիք պատկերացնում այդ ծառայության հետ համագործակցությունը պատերազմի ժամանակ ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ համագործակցությունը հատուկ ծառայությունների միջև էական նշանակություն ունի, չափազանց էական նշանակություն ունի՝ ինֆորմացիայի փոխանակում, և այլն և այլն, չբացեմ փակագծերը։ Եվ նշանակվում է մի մարդ՝ այսպիսի առաքելությամբ։ Հետո այդ մարդուն հանեցին աշխատանքից։ Բայց այդ մարդը մինչև վերջ մնում էր Արայիկ Հարությունյանի մոտ, այդ շենքից դուրս չէր գալիս։ Եվ ամեն օր ինչ-որ բաներ էր զեկուցում․ թե ում՝ չգիտեմ։ Ռուսերեն լավ բառ կա՝ «двурушничество» (ասվում է անձի մասին, ով պատկանում է մի խմբի, սակայն իրականում գործում է թշնամական կողմի շահերից ելնելով․ խմբ․), հայերեն չգիտեմ՝ կա՞, թե՞ չէ։ Այսպիսի двурушничество-ի պայմաններում հնարավոր չէ վստահելի գործընկերոջ համբավ ունենալ։ Չի լինի։ Հա, պրոտոկալային կարող է, բարևել, ժպտալ, բայց մատդ միշտ ծալած ես պահելու»։

Վերջում լրագրողը հարց ուղղեց նաև Երկրորդ նախագահի՝ Մոսկվա չմեկնելու պատմությունից։

«Այն հի՞ն պատմությունը։ Բայց ի՞նչն էր էստեղ հետաքրքիր։ Ուղղակի թեստը դրական էր։ Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր այդ թեստը դրական, բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ ուզում այդ մասին․․․Որևէ սիմպտոմ չեմ ունեցել։ Ենթադրվում էր, որ կարող է երկուշաբթի-երեքշաբթի օրը ես մեկնեի, երկու-երեք օր առաջ թեստ հանձնեցի, անսպասելիորեն դրական էր արդյունքը։ Դրական արդյունքով մտել եմ բազա ու պարզ էր, որ ուղղակի չեմ կարող մեկնել։ Հիմնական նպատակը գնալու, իհարկե, եղել է համոզելը, ամեն ինչ անելը օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար»,-պարզաբանեց Ռոբերտ Քոչարյանը։