Լրահոս
Հասարակական
16:15
03.02.21
58

«Մեր պապերի նման առնչվում ենք 15 թվականին՝ մորթած սերունդների դժվարին ճակատագրի հետ հաշտվելու ծանր ընթացքին». Սերժ Սրապիոնյան

Img default alt hy

Քիչ առաջ այս ընդհանուր իրավիճակի, աղետի ու քաոսի մասին զրուցում էի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ, նա ասաց, որ հաճախ գնում ենք հետեւանքների հետեւից, հետեւանքները վերացնելու ճանապարհով, մինչդեռ կանխարգելիչ քայլեր պիտի անեինք, որը չենք արել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Շիրակի մարզի մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպմանն ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Կանխարգելումը կարող էր լինել դեռ 2018 թվականին, որ չարեցինք, որովհետեւ հատուկենտ սթափ ձայներ էին, հետեւողներ չեղան, լսողներ չեղան։ Մենք ահազանգում էինք, որովհետեւ այս հնարավոր հետեւանքներն արդեն տեսանելի էին։ «Ձայն հայրենյացը» լավ օրից չէ, որ ստեղծվել է, «ձայն հայրենյացը» մեր բոլորի մեջ կա, մենք զբաղվում էինք մեր ստեղծագործական աշխատանքով եւ դրանից հաճույք էինք ստանում, փակեցին մեր ստեղծագործական աշխատանքի հնարավորությունները, մեզ մեր ուսերին մեր հոգու մեջ բարդեցին տասնյակհազարավոր երիտասարդների խեղված ճակատագիրն ու սպանված կյանքը: Այսօր մենք մեր պապերի նման առնչվում ենք 15 թվականին՝ մորթած սերունդների դժվարին ճակատագրի հետ հաշտվելու ծանր ընթացքին»,- ասաց նա:

Սրապիոնյանը նշեց, որ եթե վերցնենք Սպիտակի երկրաշարժը, ապա այն բնական աղետ էր, ոչ թե հատուկ նշանառության տակ գտնվող շինություն էր, ինչպես եղավ այս պատերազմում։

Նա շեշտեց, որ այս աղետի դեմ մենք անզոր չէինք, պետք է կանխեինք եւ չկարողացանք. «Չկարողացանք, որովհետեւ հավատացինք ստին, կեղծ գաղափարաբանությանը, ճշմարտանման խաբեությանը եւ կուրորեն գնացինք այն ճանապարհով, որտեղ մեզ առաջնորդեցին անգաղափար այս մարդիկ, ավելին՝ գուցե նաեւ թշնամական գաղափարներով տոգորված այս մարդիկ։ Չեմ ուզում հազարավոր փաստերից օրինակներ բերել, երբ մեր ջահել 18-20 տարեկան տղաներին տանում էին, լցնում բաց դաշտերը եւ թշնամուն ուղղորդում էին այդ բաց դաշտերը ու առանց պաշտպանական միջոցների հայտնված, ընդամենը համազգեստով զինվոր այդ ջահել երեխեքի կոտորածն էին կազմակերպում»:

Գրականագետի խոսքով՝ ներկայիս ՀՀ իշխանություններին չի հետաքրքում գերիների ճակատագիրը. «Նրանց ոչ միայն չի հետաքրքրում գերիների, այլ առհասարակ հայության ճակատագիրը, որովհետեւ վերադարձողները նրանց համար գլխացավանք են, այս վերադարձողները ճշմարտություն են բերելու իրենց հետ եւ որպեսզի այդ ճշմարտությունը չհասնի թմրած զգայարաններով, հիպնոսի մեջ հայտնված մարդկանց, որից նրանք հնարավոր է արթնանան, դրա համար նրանք ամեն ինչ անում են, որ այդ գերիներին մենք չվերադարձնենք»։

Նա շեշտեց, որ իշխանության գերագույն գլխավոր նպատակը հայության ոչնչացումն է. «Ինձ համար ավելի ընդունելի է Էրդողանի ու Ալիեւի տեսակ թշնամին, որոնց ուղնուծուծով ճանաչում եմ, ես չեմ ճանաչում Աղազարյաններին  եւ Բեղլոյաններին, Փաշինյաններին եւ նրանց արբանյակներին։ Ես իմ երեխային ուղարկում եմ մսաղաց, մտածելով, որ գնում է երկիրը պաշտպանելու , ես չգիտեմ, որ նրան պաշտպանական միջոցներ չեն տալու, ես չգիտեմ, որ նրան տանելու են ռմբակոծել տալու, երբ իմանում եմ, արդեն զավակս ինձ հետ չի»։