Լրահոս
16:52
04.12.20
61

Կոռնիձորն իր ժողովրդով անցել է ինքնապաշտպանության. Tert.am

Img default alt hy

Tert.am-ը  զրուցել է Կոռնիձորի համայնքապետարանի աշխատակից Արկադի Խաչատրյանի հետ՝ պարզելու համար ինչ վիճակում է երեք կողմից շրջափակված Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքը:

«Ծանր վիճակ է, գյուղն իր ժողովրդով անցել է ինքնապաշտպանության, դա է, ինչ պիտի լինի»,- ասել է նա:

Հարցին՝ թշնամու կողմից ինչ-որ փորձ եղել է նեղություն տալու, նա արձագանքել է. «Թշնամու կողմից առայժմ նեղություն չեն տալիս, բայց գյուղի հսկայական հողեր մնացել են հակառակորդի կրակի տակ, խոսքը և՛ արտովայրերի, և՛ վարելահողերի մասին է, շուրջ 300-400 հա վարելահողի մասին է խոսքը»,- ասել է նա։

Արկադի Խաչատրյանը հավելել է, որ այժմ կոռնիձորցին իր տանը հանգիստ չի ունենա, ուր մնաց կարողանա հող մշակել: «Գյուղից ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա թշնամու դիրքն է լինելու, ինչ հանգստություն ունենա կոռնիձորցին: Խնդիրը դա է: Գյուղում էլ հիմա պատկերացրեք՝ ինչ տրամադրություն պետք է լինի, հո հարսանիքի տրամադրություն չե՞նք ունենալու, շրջափակված ենք հակառակորդով, մարդիկ մտածում են պաշտպանության համար, ուրիշ ոչ մի բան, այսօր թիվ մեկ խնդիրը գյուղի սահմաններն անառիկ պահելն է»,- ընդգծել է նա: