Լրահոս
Արցախ
13:03
23.01.21
72

«Հայրենիքի դավաճանի դեմ պայքարը բոլորովի այլ մարտավարություն, գործիքակազմ և ժամանակային սահմանափակում է պահանջում»

Img default alt hy

Չարաբաստիկ նոյեմբերի 10-ից անցել է ավելի քան 2 ամիս, բայց մեր պետության ներքաղաքական օրակարգը դեռևս նույնն է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջ:

Իշխանությունների ցուցադրական ելույթներից այնպիսի տպավորություն է. ասես պատերազմը, կապիտուլիացիան, հազարավոր անմեղ զոհերը, անհետ կորածներն ու գերեվարվածները, Արցախի Հանրապետության տարածքային և պետականության կորուստը, Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքների նվիրաբերումը թշնամուն՝ այս կառավարության տարեկան բյուջեով նախատեսված միջոցառումներից էր. արեցին, անցնում են հաջորդ միջոցառմանը: Եթե այս 2 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր «ուսապարկերը» փոքր ինչ հանդարտ էին (գոնե իրենց հատուկ անբարտավանությունն ու լկտիությունը ի ցույց չէին դնում), ապա Շուշիի, գերիների մասին Փաշինյանի անբարտավան հայտարարությունները,   Ազգային Ժողովի և կառավարության վերջին  նիստերն ամրապնդեցին իմ տպավորությունը՝ պատերազմը որպես տարեկան բյուջետային միջոցառում դիտարկելու վերաբերյալ:

Այսօր, սակայն իմ քննարկման առարկան մեր պետականությունն ու ազգային արժանապատվությունը կազմաքանդող անհայրենիք իշխանությունները չեն: Չեմ քննարկում  նաև այն հարցը, որ կապիտուլիացիան ստորագրած ղեկավարը եթե ինքնասպան չի լինում, ապա անպայման պետք է հրաժարական տա. դա աքսիոմա է:

Փորձենք վերլուծել, թե ընդդիմությունն ու հասարակության ողջամիտ հատվածը ինչ օրակարգ ձևավորեցին ու այս 2 ամսվա ընթացքում ինչ մարտավարություն ընտրեցին բաղձալի արդյունքին հասնելու համար: Հատուկ շեշտում եմ հասարակության «ողջամիտ հատված», քանի որ օբյեկտիվ պատճառներով հասարակության մի մասը բառացիորեն սգի մեջ է, որոշակի հատված անտարբեր է երկրում ընթացող գործընթացների նկատմամբ, մյուսները վախեցած են կորոնավիրուսից, տակը մնում է այսպես ասած «Նիկոլի վկաները»: Անշուշտ, այս պայմաններում սպասել հարյուր- հազարավոր մարդկանց համախմբմանը՝ ինքնախաբերություն կլիներ:

ՀՀ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգը ձևավորվեց  ստորացուցիչ կապիտուլիացիան ստորագրելու առաջին իսկ պահից ու ոտքի հանեց ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր մարդու: Հազարավոր մարդիկ չսպասելով ընդդիմության  ո՛չ կոչերին, ո՛չ հայտարարություններին, ո՛չ էլ գործողություններին. ինքնաբուխ համախմբվեցին մեր հաղթանակների և անկախության խորհրդանիշ «Ազատության» հրապարակում՝ հույս ունենալով, թե հենց այդ օրը կհասնեն դավաճանի հրաժարականին:

Ազգային արժանապատվության նվաստացումից, հազարավոր անմեղ զոհերի կսկիծից, հայրենիքի կորստից առաջացած մարդկանց բողոքը, զայրույթը գերադրական աստիճանում էր ու նրանք պատրաստ էին գնալ կոնկրետ գործողությունների՝ ամբողջ օրը, գիշերը շրջափակել խորհրդարանը, կառավարությունը, «Ազատության» հրապարակ բերել դավաճաններին ու գամել անարգանքի սյունին: Բայց ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե վճռական գործողությունները հաջորդ օրվանից կսկսվեն:

 Հաջորդ օրն արդեն  ընդդիմությունը հնչեցրեց «Ժամ առաջ դավաճանը պետք է հեռանա» կարգախոսը, որը համարժեք էր մարդկանց տրամադրություններին՝ սպասումով, թե մարտավարությունն էլ կարգախոսին հավասարազոր կլինի: Հրապարակում համախմբվածները պայթեցին, խելագարվեցին, նույնիսկ ոգևորվեցին, քանի որ հենց ժամ առաջ դավաճանին հեռացնելու համար էին համախմբվել: Ու, երբ  Բաղրամյան փողոցում թվում էր, թե խորհրդարանին ուղղված վճռական ակցիաներ պետք է իրականացվեին, ասենք՝ շրջափակեին խորհրդարանի շենքն ու մնային այնքան ժամանակ մինչ չհրապարակվեր հրաժարականի լուրը, ընդդիմությունը կոչ արեց տուն գնալ,  քանի որ իրենք սահմանադրական ճանապարհն են ընտրում:

Այն որ պետք է սահմանադրական ճանապարհով գնալ՝ հրապարակում հավաքվածները չէին էլ քննարկում, սա բռնության գնացող զանգվածը չէր, թեպետ արդարության համար ասեմ, որ  ցավը, կորուստն այնքան խորն էր, որ  նույնիսկ այդպիսիք կային, միայն թե կարողանային ազատվել դավաճանից ու փոխեին բանակցողին:

Այս նույն մարտավարությունը տարբեր ձևաչաձերով կրկնվում էր  ավելի  քան 2 ամիս, գրեթե ամեն օր, յուրաքանչյուրի ելույթում հնչում էր «Ժամ առաջ դավաճանը պետք է հեռանա»:  Հնչում էր կարգախոսը ու թվում էր, թե հենց դա էր «ժամ առաջ»-ի  պահը ու կրկին  ընդդիմությունը հայտարարում  էր այդ օրվա ակցիաների ավարտի մասին: Այո, հանրահավաքներին ամեն օր չէ, որ կրիտիկական էր զանգված հավաքվում (դրա օբյեկտիվ պատճառների մասին շատ է խոսվել, որդեկորույս, անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքներ, կորոնավիրուսի վտանգ և այլն), բայց այդ բացառիկ օրերին էլ ընդդիմությունը հավատարիմ մնաց իր մարտավարությունը:

Համաձայնեք,  որ ընդդիմության  «Ժամ առաջ դավաճանը պետք է հեռանա» կարգախոսի և մարտավարության միջև անհամաձայնություն կա. «ժամ առաջ»-ը չի կարող ձգվել ավելի քան 2 ամիս ու հնարավորություն ընձեռել դավաճանին ամբողջությամբ իրականացնել հայրենիքի կտոր-կտոր հանձնման ստոր գործընթացը՝ փաստացի ու ստորագրությամբ ամրագրված փաստաթղթերով:

Անդդունդը գահավիժող երկիրը փրկելու համար ընդդիմությունը տարօրինակորեն դիմեց  նույնիսկ փաշինյանական մեթոդներին՝ ժամանակ առ ժամանակ քայլերթեր կամ ավտոերթեր կազմակերպելով՝ մտածելով, որ գոնե այդկերպ զանգվածներ կհավաքի, բայց սա էլ օգուտ չտվեց:

Վերջապես, ընդդիմությունը հայտարարեց կոշտ ակցիաների մարտավարության  անցնելու մասին՝ մայրաքաղաքային հրապարակային հանրահավաքները փոխարինելով մարզային դահլիճային հանդիպումներով: Թե որքանով է մարզային դահլիճային փակ հանդիպումները տեղավորվում «կոշտ ակցիաներ» սահմանման մեջ՝ դժվարանում եմ ասել:

Ակնհայտ է,  որ «ժամ առաջ»-ը չգործեց, քանի որ այն մնաց միայն որպես կարգախոս ու համապատասխան «գործքակազմ» չկիրառվեց:  Տպավորություն է, թե ընդդիմությունը որդեգրել է մի մարտավարություն և ցանկանում է, սպասում է, որպեսզի իրավիճակը փոփոխվի կամ ավելի ճիշտ՝ «հարմարվի» մարտավարությանը: Այնինչ, աննախադեպ դավաճանական այս իրավիճակում ընդդիությունը հապաղելու իրավունք չուներ, անհրաժերշտ էր օգտագործել բողոքի ակցիաների համաշխարհային և պատմական ողջ արսենալը, անհրաժեշտ էր ճկունություն ցուցաբերել և մարտավարությունը վերափոխել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկախ իրավիճակից կրիտիկական զանգված չի հավաքվում, և որ այս պայքարը ժամանակ չի հանդուրժում, այն չի կարող  ոչ նախընտրական, ոչ հեղափոխական պայքարի կանոններին ենթարկվել: Հայրենիքի դավաճանի դեմ պայքարը բոլորովի այլ մարտավարություն, գործիքակազմ և ժամանակային սահմանափակում է պահանջում:

 «Ժամ առաջը» մնաց զուտ կարգախոս ու մինչ օրս  չապահովվեց Փաշինյանի հեռացումը: Իսկ ընդդիմության մարտավարության մասին որպես հուշ մնացին Հանրապետության Հրապարակում տեղադրված վրանները, որոնք, ցավոք, արևմուտքի առջև Փաշինյանի հաշվին միավոր են ավելացնում՝ իբրև  երկրում ժողովրդավարական  գործընթացների ապահովման և ազատ արտահայտման իրավունքի «գործուն ապացույց»:

ԼՈԻՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ