Լրահոս
Հայաստան
15:15
07.07.26
63

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը․ «Հետք»

Img default alt hy

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարանի և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրանց մասնակցությամբ իրականացված աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Խոսքը այն հողատարածքների մասին է, որոնց վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու մոր մասնակցությամբ ընկերությունը կառուցում է առանձնատներ՝ վաճառքի նպատակով։ Գրում է «Հետք»-ը:

«Հետքը» դեռևս 2023թ․ դեկտեմբերին էր գրել այս հողատարածքի օտարման մասին։ Հրապարակման հիման վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին, նրա ամուսնուն և վերջինիս հորը մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման վերաբերյալ։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

2022թ․ հունիսի 24-ին Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստում որոշել է աճուրդով վաճառել համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վ. Տերյան փողոցի 971/8 հասցեում գտնվող 0.9 հեկտար մակերեսով հողամասը։ Հողամասն ունի հասարակական կառուցապատման նշանակություն և նախատեսված է շինարարություն իրականացնելու համար։ Որոշմանը կողմ են քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ այդ ժամանակ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրանք ամուսնացել են 2023թ-ին։

Հողամասի յուրաքանչյուր քառակուսի մետրի մեկնարկային գինը սահմանվել է դրա կադաստրային արժեքի 200 տոկոսի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազար դրամ (1 քմ-ը՝ 5775 դրամ)։ Աճուրդն անցկացրել է Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը։

Աճուրդին մասնակցել է մեկ անձ՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը։ Նա հողամասի համար առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազար դրամ, և ճանաչվել հաղթող։ 

Հողամասը ձեռք բերելու և սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով իրեն ուղղակի վաճառքով օտարել նաև այդ հողատարածքին հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.1908 հեկտար մակերեսով, հասարակական կառուցապատման նշանակության հողամասը։

2022թ․ դեկտեմբերի 13-ին Դիանա Գասպարյանը որոշել է շուրջ 0.2 հեկտար մակերեսով հողամասը Շահեն Շահինյանին օտարել ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով՝ 5 մլն 509 հազար 350 դրամով (1 քմ-ը՝ 2887.5 դրամ)։ Որպես հիմնավորում նշվել է, որ տվյալ հողամասը հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր։

Այսպիսով, նույն տարածքում գտնվող երկրորդ հողամասի մեկ քառակուսի մետրը վաճառվել է շուրջ երկու անգամ ավելի էժան, քան մի քանի ամիս առաջ աճուրդով վաճառված հարակից հողամասինը։

2023թ․ օգոստոսի 18-ին հողամասի սեփականության իրավունքը գրանցվել է «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի անվամբ։ Վերջինս պատկանում է Դիանա Գասպարյանի սկեսրոջը՝  Արամայիս Միրզոյանի մորը։ Գրանցման հիմք է հանդիսացել նույն թվականի օգոստոսի 14-ին կնքված անշարժ գույքի ներդրման պայմանագիրը։

Նշենք՝ Շահեն Շահինյանը 2021թ․ դեկտեմբերի 5-ին ընտրվել է Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով։

Հողը ձեռք բերելու ժամանակ Շահինյանն աշխատել է Աշոտ Միրզոյանի մոտ, որը Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հայրն է և համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրը։

Աշոտ Միրզոյանը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր և Վաղարշապատ համայնքում շահագործում է գազալցակայան, որտեղ 2025թ․ մարտի 22-ին հրազենով մարդ է սպանվել։ Գազալցակայան կառուցելու համաձայնությունը 2020թ․ մարտին տվել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ 

Շահեն Շահինյանը 2017թ-ից՝ «Ինտեր Գազ» ՍՊԸ-ի հիմնադրման օրվանից, զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը։ Ընկերության միակ սեփականատերը Աշոտ Միրզոյանն է։ Վերջինիս և Շահեն Շահինյանի միջև կապերը ձևավորվել են դեռևս տարիներ առաջ։ Նրանց միջև կա ոչ միայն աշխատանքային, այլև երկարատև գործարար համագործակցություն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: