Լրահոս
Քաղաքական
13:01
07.07.26
128

Փորձ է արվում, որ հայ մարդը կենտրոնանա իր կենցաղային խնդիրների վրա ու հրաժարվի պատմական գաղափարներից. իրանցի կովկասագետը՝ հայերի մասին

Img default alt hy

Թեհրանի համալսարանի Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Ջաֆար Խաշեհը Թեհրանում «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է հայ ժողովրդին առնչվող մի քանի հարցերի: Խաշեհը նախ անդրադարձել է հայի ինքնության գիտակցությանը.

«Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է անձի ինքնությանը։ Նախկինում հայ մարդն իր ինքնությունը մեծապես կապում էր Հայոց ցեղասպանության հիշողության և Արցախի հետ։ Այսօր, իմ կարծիքով, այդ ինքնությունը նույնպես վերաիմաստավորելու փորձ է արվում։ Փորձ է արվում, որպեսզի հայ մարդն առավելապես կենտրոնանա իր կենցաղային և կենսական խնդիրների վրա ու աստիճանաբար հրաժարվի պատմական գաղափարներից։ Բարեկեցությունն ու հանգիստ կյանքը ներկայացվում են որպես առաջնային արժեքներ։ Մենք չենք ասում, որ դրանք կարևոր չեն, սակայն խնդիրն այն է, որ հայրենիքի և կենցաղի արժեքները ներկայացվում են որպես իրար հակասող երևույթներ, մինչդեռ դրանք չպետք է հակադրվեն։ Նախկինում Հայաստանը ընկալվում էր ոչ միայն որպես պետություն, այլև որպես պատմամշակութային արժեք»,- ասել է Խաշեհը՝ այնուհետև անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը.

«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ես համաձայն չեմ այն գնահատականների հետ, թե Հայաստանը դարձել է հակառուսական և արևմտամետ։ Իմ կարծիքով՝ նպատակը ոչ թե մեկ ուժային կենտրոնից անկախանալն է, այլ միաժամանակ մի քանի ուժային կենտրոններից կախվածություն ունենալը։ Սա համապատասխանում է լիբերալ քաղաքականության այն պատկերացմանը, ըստ որի՝ ժամանակակից աշխարհում ոչ մի պետություն լիովին անկախ չէ։ Սակայն նման մոտեցման վտանգն այն է, որ ազգերը կարող են աստիճանաբար զրկվել այն գաղափարախոսությունից, որն ապահովում է նրանց կենսունակությունն ու զարգացման ուղղությունը։ Ազգը, որը կտրվում է իր պատմությունից, կարող է շատ արագ կորցնել իր դիմագիծը և նույնիսկ կանգնել գոյաբանական վտանգների առաջ։ Հայ ժողովրդի համար կարևոր է պահպանել հավասարակշռությունը հիմնարար ազգային արժեքների և բարեկեցիկ կյանքի ձգտման միջև։ Հույս ունեմ, որ այդ հավասարակշռությունը կգտնվի, քանի որ հակառակ դեպքում դա կարող է նշանակել հրաժարում ազգային պետության գաղափարից»,- ասել է իրանցի գիտնականը: 

Նա ղեկավարում է Թեհրանի կովկասագիտության կենտրոնը և զբաղվում է Հարավային Կովկասի, Իրանի հարևանության և տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրություններով։ Նա մի քանի անգամ եղել է Հայաստանում, հանդիպումներ է ունեցել փորձագիտական շրջանակների հետ և մասնակցել հայ-իրանական գիտական համագործակցության ծրագրերին։ 2022 թվականին նրա գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևան՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները և հետագա համագործակցությունը։