Լրահոս
Կրթություն և գիտություն
14:31
04.02.21
62

Բազմաթիվ բողոքների արժանացած հանրակրթության նոր պետական չափորոշիչը հաստատվեց

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը վերջին մեկ տարում հանրության մի հատվածի քննարկումների ու բողոքների կիզակետում էր:

Ըստ նախագծի հեղինակների՝ նոր չափորոշչի ամենակարևոր փոփոխությունը հայեցակարգային է, այսուհետ այն հիմնվելու է կարողությունների վրա, այսինքն՝ որպես հանրակրթության հիմական անելիք՝ հավասարապես շեշտադրվելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները և արժեքային բաղադրիչը:

«Խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պայմաններում մենք ունենք առանձին առարկաներ, և շեշտադրված է այդ առարկաների ինքնավար գոյությունը դպրոցում, անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տարբեր առանձնացնել խաչվող գաղափարները»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Ալեքսանյանը:

 Ըստ փոխնախարարի՝ այս չափորոշիչը հնարավորություն է տալիս խուսափել կրկնություններից, առավել արդյունավետ օգտագործել երեխայի ժամանակը: Չափորոշչով, ըստ Ալեքսանյանի, նվազեցվում է դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Անկախ չափորոշչով տրված 7 ուսումնական բնագավառներից որևէ մեկի ընտրության հնարավորության սահմանվել են 4 պարտադիր առարկաներ՝ Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա, Հայոց պատմություն և Օտար լեզու, որոնք ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում՝ անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից:

Փոփոխվելու է նաև գնահատման համակարգը, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից, այլ կերպ ասած՝ տարրական դպրոցում միավորային գնահատման գործող տարբերակը դադարելու է գործել: Ներդրվելու են  «խրախուսող և խթանող» գնահատման ձևեր: Նախատեսվում է նաև հրաժարվել անբավարար գնահատականային շեմից:

Մինչ ներդումը նախագիծն անցնելու է փորձարկում, որի մեկնարկը տրվելու է 2021թ.  սեպտեմբերից: Չափորոշիչը դպրոցներում կներդրվի 2023թ.-ից:

«Միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել մեր բոլոր հարցերը, պրոբլեմները, բայց չկա որևէ հարց մեր օրակարգի, չկա որևէ մի պրոբլեմ, որի լուծումը հնարավոր է առանց կրթական բաղադրիչի: Ամենատարբեր ոլորտներում, սկսած քաղաքականությունից, շարունակելով օրենսդրական գործունեությամբ, շարունակելով իրավապահ համակարգով, շարունակելով ԶՈՒ: Բոլոր ոլորտներում… Եվ հետևաբար՝ կրթության չափորոշչի այս ընդունումը ես համարում եմ մեր կարևորագույն ռեֆորմներից մեկը և շատ կարևոր եմ համարում, որ մենք ունեցել ենք կամք այս պայմաններում այս ռեֆորմը հասցնել մինչև այս կետը: Եվ շատ կարևոր եմ համարում, որ շարունակենք այդ ռեֆորմի իրագործումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: