Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:26
05.02.21
80

«Արցախը հայկական սուրբ հողի մի փոքրիկ կտոր է». լեհ քաղաքական գործիչն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով նամակ է հղել Բայդենին

Img default alt hy

Փետրվարի 5-ին լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքական գործչի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Բուչեկի նամակը. 

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Ես գրում եմ Ձեզ, առաջին հերթին, որպես հասարակ մարդ, Լեհաստանի քաղաքացի, որը պատահաբար ծնվել է հուլիսի 4-ին`Միացյալ Նահանգների պատմության համար այդքան յուրահատուկ օրը:

Ես պայքարում եմ  ճշմարտության համար: Արցախը, որը պայքարում էր անկախության համար, հայկական սուրբ հողի մի փոքրիկ կտոր է:

Փետրվարի 3-ին Ստեփանակերտից հայ մայր, տիկին Արմինեից ստացել եմ մի շատ անձնական նամակ: Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նա կորցրել է իր որդուն և ամուսնուն, իսկ կրտսեր որդին՝ 19 տարեկան, գերի է ընկել և բանտարկված է Ադրբեջանում: Այս նամակում նա ասում էր՝ սա իր համար մեծ հույս է, քանի որ որպես հասարակ կին չգիտի` ում է պետք դիմել օգնության համար:

Հետո հիշեցի նամակը: Այն նամակ, որը 1864 թվականի նոյեմբերին գրել էր նախագահ Աբրահամ Լինքոլնը Լիդիա Փարքեր Բիքսբիին՝ այրի մի կնոջ, որը բնակվում էր Բոստոնում, Մասաչուսեթսում, և որն իր հինգ որդիներին կորցրել էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ:

«Սիրելի՛ տիկին,

Պատերազմի վարչությունում ինձ ցույց են տվել Մասաչուսեթսի գեներալ-ադյուտանտի հայտարարությունը, որ Դուք հինգ որդիների մայր եք, որոնք փառքով զոհվել են ռազմի դաշտում:

Ես զգում եմ, թե որքան թույլ և անպտուղ պետք է լինի իմ ցանկացած խոսք, որը պետք է փորձի մխիթարել Ձեզ այդքան ծանր կորստի վշտից: Բայց ես չեմ կարող ձեռնպահ մնալ այն հանգամանքից, որ նրանք զոհվել են հանրապետությունը փրկելու համար:

Ես աղոթում եմ, որ մեր Երկնային Հայրը կարողանա մեղմել Ձեր ցավը և թողնել Ձեզ միայն սիրելիի և կորցրածի նվիրական հիշողությունը, և այն հպարտությունը, որը պետք է լինի Ձեզ հետ, քանի որ այդքան թանկ զոհեր մատուցեցիք ազատության զոհասեղանին:

Հարգանքներով՝ Աբրահամ Լինքոլն»:

Ես պատասխանել եմ տիկին Արմինեին՝ մեջբերելով այս նամակը, և մեկ նախադասություն եմ հավելել. միայն մեկ, որ ես ամեն ինչ կանեմ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու համար:

Քսանմեկերորդ դարում աշխարհը չի կարող ընդունել մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում, որոնք առնչվում են նրանց արժանապատվությանը: Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի՝ ազատելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:

Այս նամակին կից ուղարկում եմ ապացույցների վրա հիմնված իմ հրապարակումը՝ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

Հարգանքներով՝

Ձեր Թոմաշ Լեխ Բուչեկ»: