Լրահոս
Քաղաքական
10:35
05.01.22
119

Արտակարգ դրություն՝ Ղազախստանում․ կառավարությունը պաշտոնանկ է արվել

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել է երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

«Ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը»,- ասվում է փաստաթղթի տեքստում:

Վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահվել է Ալիխան Սմաիլովին։

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:

Հունվարի 4–ի լույս 5-ի գիշերը Տոկաևն արտակարգ դրություն էր հայտարարել Մանգիստաուի մարզում և Ալմաթի քաղաքում:

Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:

Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։