Լրահոս
Հասարակական
09:43
02.01.22
183

Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր․ Շահեն Մեղրյան

Այսօր՝ հունվարի 2-ին, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1952 թ. Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։

Հերոսի մարտական ուղին սկսվել է 1988 թվականին։ Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել ինքնապաշտպանական զինված ջոկատներ։ 

1991 թվականին «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ Նույն տարվա հունիսին ադրբեջանցիները, ռուս վարձկանների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ Շահենը իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակողական օպերացիա, որի շնորհիվ սեպտեմբերի 14-19-ին ազատագրվեցին երեք գյուղերը։ Այդ օպերացիան առաջիններից էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքներն ազատագրել։

1991 թվականի նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ ճնշվեցին Թոդան ադրբեջանական գյուղի կրակակետերը։ Մինչև շրջանի անկումը, հետ են մղվել թշնամու շրջանի ամբողջ ճակատով ձեռնարկած զինված հարձակումները։

1992 թվականի հունիսի 13-ի բռնի տեղահանումից հետո Շահեն Մեղրյանի նախաձեռնությամբ Հաթերք գյուղում 25 կամավորից բաղկացած խումբ ձևավորվեց՝ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը, որը թշնամու թիկունք է ներթափանցում․ այդպես է սկսվել պարտիզանական շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։

Նրանց են միանում Շահումյանում գտնվող տարբեր ջոկատների («Արաբո», «Տիգրան Մեծ», Պռոշյանի ջոկատ, Հոկտեմբերյանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993թ. ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։ Ջոկատի անմիջական օգնությամբ ազատագրվել են Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։ 

1993 թվականի ապրիլի 17-ին Գյուլիստանի երկնքում խոցվեց այն ուղղաթիռը, որով Շահենը և նրա մարտական ընկերներն էին ցանկանում ուղևորվել Երևան։ Մեղրյանի զոհվելը նորանկախ Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին դասելու փորձերն անհիմն են։

Առկա են բազմաթիվ վարկածներ, այդ թվում ադրբեջանցիների կողմից ուղղաթիռը խոցելու մասին։

Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Շահումյանի ինքնապաշտպանական մարտերի ղեկավար, ազատամարտիկ, «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր Շահեն Զինավորի Մեղրյանը (1952-1993 թթ.) հետմահու պարգևատրվեց Արցախի հերոսի կոչումով: Բ. Սահակյանը Մեղրյանի որդուն է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:

Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում կանգնեցվել է Շահեն Մեղրյանի հուշարձանը: Քանդակագործը Հարություն Համբարձումյանն է: Հուշարձանի ճարտարապետը Սևակ Ասրյանն է: