Լրահոս
Հայաստան
13:26
06.01.22
89

Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. քաղաքագետ

ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական վերնախավը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի տեղերում նույնպես վերցնի իշխանությունը` կիրառելով նույնիսկ ամենակոշտ մեթոդներն ու խմբագրելով ընտրությունների արդյունքները։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Այս ընտրություններում գործող իշխանությունների հիմնական զենքը վարչական լծակներն են։ Օրինակ` Վեդիում թիմակցին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով` Նիկոլ Փաշինյանը նրա ձեռքն է տալիս բոլոր վարչական լծակները, որպեսզի նոր ընտրություններում նա հաղթելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ 

Իշխանությանը հետաքրքրում է ոչ թե այն հարցը, թե ում կընտրի ժողովուրդը կամ ով ավելի լավ կղեկավարի տվյալ համայնքը, այլ հետաքրքրում է այն հանգամանքը, որ ընտրություններում հաղթեն միայն սեփական քաղաքական թիմի անդամները, հավատարիմ կադրերը»,– ասել է քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` իր նպատակին հասնելու համար իշխանությունը չի խորշում որևէ մեթոդից` և՛ վերընտրություններից, և՛ ավագանու մանդատները վայր դնելու պարտադրանքից, և՛ հաղթած թեկնածուների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց։

«Իշխանության գործելակերպը մեզ տանելու է դեպի ավտորիտար ռեժիմ, այսինքն` Փաշինյանն այդպես է ցանկանում։ Չեմ կարծում, թե կհաջողվի, բայց ամեն դեպքում տեսանելի է, որ այս ամենը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։ 

Պարզապես Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. ոչ թե բացահայտ կեղծիքների է գնում ընտրությունների օրը, այլ փորձում է հետագայում դրանց արդյունքները տարբեր կերպ խմբագրել։ Այդուհանդերձ նպատակը նույնն է` ամեն կերպ պահպանել իշխանությունը»,– ասել է քաղաքագետը։

Բաղդասարյանի գնահատմամբ` Փաշինյանը փորձում է տեղերում իշխանությունն ամրապնդելով ապահովել իր թիկունքը, որպեսզի ապագայում մարտահրավերներով կամ սոցիալ–տնտեսական խնդիրներով պայմանավորված բողոքի ալիք բարձրանալու դեպքում ունենա հավատարիմ կադրեր ՏԻՄ համակարգում։