Լրահոս
Արցախ
19:45
31.12.21
74

Շնորհակալ եմ նրանց, ովքեր շարունակում են Արցախը հայկական պահել․ Արտակ Բեգլարյան

«Ավերիչ պատերազմից հետո Հայրենիքի վտանգված ճակատագրով մտահոգ մեր համերկրացիները բռնել են տունդարձի ճամփան՝ ամրակապելու հասցված վերքերն ու նորոգելու հավատը: Նրանք, ովքեր չգտան սեփական ծածկը, դեռ սպասում են բնակարանային մեծ ծրագրերի բարեհաջող ավարտին»,- ամանորյա շնորհավորական ուղերձում նշել է Արտակ Բեգլարյանը։

Արցախի Պետական նախարարը շնորհակալ է նրանց, ովքեր իրենց սրտացավ ու հայրենանվեր գործով կանգնել են Հայրենիքի ու կարիքավոր հայրենակիցների կողքին, անսասան վճռականությամբ ու հավատով շարունակում են Արցախը հայկական պահելու և, ընդհանրապես, հայոց հայրենիքի զորացման ու հավերժացման պայքարը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվության աստիճանը մեր սուրբ նախնիների ու ապագա սերունդների առջև․

«Անչափ դժվար է գտնել մխիթարանքի ու երախտագիտության խոսքեր անմահության ճամփան բռնած Հայրենիքի նվիրյալների հարազատների համար: Մեր միտքը, խոսքն ու գործը ամբողջովին նվիրելու ենք նրանց սուրբ առաքելության շարունակմանը՝ Հայրենիքի ազատությանն ու զորացմանը: Խոնարհվում ենք նրանց վառ հիշատակի առջև»։

Արտակ Բեգլարյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում ու շնորհավորում Արցախի անվտանգությունն ապահովող զինծառայողներին, ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով անվտանգ ծառայություն Հայրենիքի պաշտպանության դիրքերում․

«Ուրեմն, թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, ընտանեկան երջանկության, առողջության, հաջողությունների, նվիրումի և արգասաբեր աշխատանքի տարի»,- գրել է Պետական նախարարը։