Լրահոս
Հասարակական
11:23
01.01.22
133

Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն․ Նժդեհ

Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչներից մեկն է: Այսօր՝ հունվարի 1-ին, նրա ծննդյան օրն է։ Նժդեհի գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը:

1886թ․ հունվարի մեկին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում է ծնվել Գարեգին Նժդեհը։ 

Տեր-Հարությունյանը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությանը, Նժդեհը մերժել է այն, և, փոխարենը, սրբել ու տեղահանել գավառի թուրքական բնակավայրերը։

Երբ 1912թ. սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ 

Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ` 1944թ.-ի հոկտեմբերի վերջերին խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է:

Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946թ.-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունն ավարտվում է 1948թ.: 

Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության` ժամկետը հաշված 1944թ.-ից: 1947թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր՝ սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։

Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։ 1948-1952թթ. Նժդեհը գտնվում էր Վլադիմիրի բանտում, այնուհետև` մինչև 1953 թվականի ամառը, Երևանի բանտում։ Որոշ ժամանակ անց Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին` եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։

Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա ռուսերեն պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955թթ.)։ Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ.-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։