Լրահոս
Հասարակական
23:12
31.12.21
86

Կարվի հնարավոր ամեն ինչ Արցախը հայկական պահելու համար․ Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է, որ կարվի հնարավոր ամեն ինչ՝ Արցախը հայկական պահելու համար․

«2021 թվականն Արցախում աչքի է ընկել պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ։
Շնորհիվ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի իրականացրած ծառայության, Արցախում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական խաղաղություն։ Ցավոք, տարվա ընթացքում հակառակորդը սադրել է նաև առանձին միջադեպեր, այդ թվում մահացու ելքերով, ինչն ակնհայտ ցույց է տալիս, որ իրավիճակի լիարժեք կայունացմանն ուղղված անելիքները դեռևս շատ են» ։

Բալասանյանն ընգծում է, որ պետությունը, հանձնառու լինելով լուծելու իր քաղաքացիների խնդիրները, կոնկրետ և թիրախային միջոցներ է ձեռնարկել՝ բավարարելու մարդկանց կարիքները, հատկապես բռնատեղահանվածներին ապահովելու բնակարաններով և կենցաղի համար անհրաժեշտ բոլոր այլ պայմաններով․

«Կատարածն արձանագրելով հանդերձ, պետք է բոլոր ուղղություններով ընդլայնենք աշխատանքների ծավալները՝ նպատակակետ դարձնելով հնարավորինս շատ մարդկանց կարիքները բավարարելու հրամայականը։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ազգային ներուժի համախմբումը։ Հարկ է նաև ակտիվ աշխատանքներ կատարել բարեկամ պետությունների հետ՝ միջազգային ասպարեզում առաջ տանելու Արցախի կարգավիճակի հստակեցման գաղափարը, որը հենված է ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի վրա» ։

Դիմելով արցախցիներին՝ Բալասանյանը շեշտել է, որ պատերազմի արհավիրքը դեռ երկար ժամանակ մնալու է բոլորի հիշողություններում։ Սակայն պետք է ասել, որ երեսնամյա ճանապարհ անցած Արցախի Հանրապետությունը դիմակայել է իր կենսունակությանը սպառնացող վտանգներին։ 
«Մեր մտքերում վառ պահելով կորուստները և աղոթելով աղետալի պատերազմում զոհված տղաների անմար հիշատակի համար՝ դրա հետ մեկտեղ պետք է մտածենք սերունդների համար լավ ու ապահով ապագա կերտելու ուղղությամբ և իրագործենք այդ նպատակը։ Հավատացած եղեք, որ արվում է և կարվի հնարավոր ամեն ինչ՝ Արցախը հայկական պահելու և Հայրենիքում վերստին ստեղծելու և զարգացնելու արժանապատիվ կյանքի պայմաններ»։