Լրահոս
Հայաստան
10:00
07.01.22
148

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին․ Տերյան

Այսօր՝ հունվարի 7-ին, Վահան Տերյանի մահվան տարելիցն է։ Հայ նշանավոր բանաստեղծը մահացել է 1920թ․։ 

Տերյանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները երևան են գալիս դեռ երիտասարդ տարիքից։

Հայ բանաստեղծը հոկտեմբերին ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ՝ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 

1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 35 տարեկան հասակում։

1914 թ. գրած «Հոգևոր Հայաստան» հոդվածում Տերյանը գրում է. 

«Արդեն թվում է, որ եթե այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով:

Մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով:

Մենք ուզում ենք ճչալ, որովհետև, երբ ցավ ես զգուն, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետև երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չես մտածում»:

Տերյանը բարձրաձայն երգում է հայ ժողովրդի ոգու հպարտությունը, խոսում է իր հայրենիքի վերածնության, արքայական խոսքի ու սրբության հավերժական ճանապարհի մասին․

«Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա'
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն,
Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»։