Լրահոս
Միջազգային
10:43
06.01.22
2 181

ՀԱՊԿ-ը խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան

Խաղաղապահ ուժերի կազմը, կառուցվածքը և թվաքանակը որոշում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարները: 
Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կազմակերպության միացյալ շտաբի հայտարարությունը՝ կապված Ղազախստան խաղաղապահ զորակազմ ուղարկելու որոշման հետ։

Ավելի վաղ, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է բոլոր երկրների առաջնորդներին՝ ՀԱՊԿ օգնության համար։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններն արտաքին ագրեսիա է համարում, քանի որ երկրում անկարգություններ կազմակերպած ահաբեկչական խմբավորումները նախապատրաստվել են արտերկրում:

Դրանից հետո հունվարի 6-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ բարձրագույն մարմին) նախագահ, հայտնել է, որ մասնակից երկրների առաջնորդները որոշում են կայացրել հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

Ինչպես նշվում է Փաշինյանի հայտարարության մեջ, ՀԱՊԿ ուժերը Ղազախստան են մտցվում հավաքական պաշտպանության մասին հոդվածի (Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդված) շրջանակում, սահմանափակ ժամանակով և երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով:

Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում կարող են ընդգրկվել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից հատկացված հատուկ ռազմական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմերը, ուժերն ու միջոցները:

Զորախմբի կազմում կարող է ձևավորվել միացյալ հրամանատարություն, ինչպես նաև մարտական զորամասեր, ռազմական դիտորդների խումբ, ոստիկանության ստորաբաժանումներ, այլ մարմիններ ու ստորաբաժանումներ:

Ինչպես գործակալությանը հայտնել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, ՀԱՊԿ ուժերը մասնակցում են ոչ թե կարգուկանոն հաստատելու, այլ ռազմական ենթակառուցվածքների և այլ օբյեկտների պաշտպանությանը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելու համար ռուսական խորհրդարանի թույլտվությունը պետք չէ, դրա համար կա կազմակերպության կանոնադրություն, ուժերը գտնվում են մշտական պատրաստականության վիճակում։