Լրահոս
Քաղաքական
09:35
05.01.22
85

Հայ և թուրք բանագնացները կարող են հանդիպել Երևանում և Անկարայում․ Չավուշօղլու

Հունվարի 3-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հետևող ԱՄՆ-ի պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման:

Մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:

2020թ․ ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ հայկական կողմի ցանկությամբ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարին Մոսկվայում։ Չավուշօղլուն ընդգծել էր՝ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հանդիպումները կարող են կայանալ ինչպես Երևանում, այնպես էլ Անկարայում:

Կողմերի պաշտոնական հաղորդագրությունները չեն մանրամասնում, թե ինչ են խոսել Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Փոխարենը Չավուշօղլուն օրերս տված հարցազրույցում մի շարք մանրամասներ է պատմել հայ-թուրքական նշմարվող երկխոսության մասին:

Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, պատմել է, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։