Լրահոս
Արցախ
13:22
29.09.20
58

ՄԻՊ-ը հրապարակել է քաղաքացիական բնակչության շրջանում 4 զոհվածների անունները

Img default alt hy

Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել է զոհված չորս քաղաքացիական անձի անուն:

Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և տեղեկացրել, որ քաղաքացիները զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով՝ բնակավայրերում:
 
«Սպանվել է երեք իգական սեռի ներկայացուցիչ՝ 9, 59, 79 տարեկան և մեկ 24 տարեկան տղամարդ: Երեքը զոհվել են հրետակոծությունից, մեկը՝ ԱԹՍ հարվածից՝ Մարտունիում, Հադրութում և Մարտակերտում»,- նշել է Բեգլարյանը:
 
Անունները ներկայացվում են ստորև.
 
Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:
 
Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում:
 
Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:
 
Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:
 
Պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի շրջանակներում արձանագրվել է ավելի քան 30 քաղաքացիական անձի վիրավորում, 4 զոհ և մեծածավալ գույքային ու ենթակառուցվածքային վնասներ:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ագրեսիվ հարձակումների հետևանքով վիրավորների թվում ևս կան կանայք, երեխաներ ու տարեցներ։
 
«Ակնհայտ է, որ վտանգված է կանանց, երեխաների, տարեց մարդկանց կյանքը, որովհետև մահացած մարդկանց թվում կա և կին, և երեխա և տարեց մարդ»,- նշեց Թաթոյանը։