Լրահոս
Արցախ
16:54
20.12.20
63

Հին Թաղերի, Խծաբերդի, Դիզափայտ լեռան մասին այլևս ոչինչ չի խոսվում, ինչպես դրանք հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի, Դիզափայտ լեռան՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու մասին այլևս ոչինչ չի խոսվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Որևէ մեկը չի բացատրում, թե ի՞նչ պայմանավորվածության հետևանքով, ինչպե՞ս մեր գյուղերը հայտնվեցին Ադրբեջանի հսկողության ներքո, ինչո՞ւ զինաթափվեցին մեր ստորաբաժանումները և ինչպես նրանց մի մասը հայտնվեց գերության մեջ։

Հիշեցնեմ, որ այդ գյուղերը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է լինեին հայկական վերահսկողության ներքո։

 Այն մարդիկ, ովքեր մեզ համոզում են, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ ձևով չեն խոսում կամ հղում չեն անում նույն հայտարարությանը՝ որի համաձայն, Հին Թաղերն ու Խծաբերդն էլ պետք է լինեին Արցախի վերահսկողության տակ։

Ստացվում է, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն ինչպես ցանկանում կիրառում է, իսկ Հայաստանի անունից ստորագրողը միայն լուռ համաձայնվողի և զիջողի դերում է։ Ու այս ամենը ճիշտ այնպես, ինչպես այդ հայտարարության մշակման և ստորագրման ժամանակ էր»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կընդունի Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատներին: 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Խծաբերդի ուղղությամբ մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։