Լրահոս
Կրթություն և գիտություն
17:54
18.02.21
57

«Բուհի ռեկտորն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն». hraparak.am

Img default alt hy

hraparak.am-ը գրում է. «Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան փնթի են աշխատում իշխանությունները՝ բոլոր մակարդակներում, մի, առաջին հայացքից փոքր թվացող, փաստ ներկայացնենք։


Բարձրագույն կրթության եւ գիտության մասին այդքան քննարկված ու քննադատված օրենքի նախագիծը, որի վրա ենթադրաբար հարյուրավոր մարդիկ են աշխատել, հազարավոր մարդիկ են այն կարդացել, հետո մտել է Ազգային ժողով եւ առաջին ընթերցմամբ անցել՝ «Իմ քայլի» ակտիվ ջանքերով եւ 77 կողմ ձայնով, կոպիտ մտքի սխալ է պարունակել։

Հետո՝ ավելի ուշ, իհարկե, հայտարարել են, որ դա վրիպակ է եւ նախագծի պաշտոնական տարբերակում վրիպակն ուղղվել է, բայց առաջին ընթերցման ժամանակ հենց այդ վրիպակով էլ անցել է նախագիծը։ 

Բուհի ռեկտորին վերաբերող ամենից շատ կարդացված ու քննարկված բաժնում՝ 32-րդ հոդվածի 7-րդ կետում գրված է եղել․

«Բուհի ռեկտորը (մասնաճյուղի տնօրենը) իր պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ունենալ ելույթներ, դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»։

Նախադասությունը մի քիչ ուշադիր ընթերցողը կնկատեր, որ գրված է․ «Բուհի ռեկտորը չի կարող․․․դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»։ 

Եւ այս օրենքն անցել էր ՀՀ կառավարությունով, արդարադատության նախարարությունով, ԱԺ համապատասխան հանձնաժողովով ու պատգամավորների կողմից հավանության էր արժանացել»։