Լրահոս
Հայաստան
13:53
21.01.22
98

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդին. Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

Որևէ կասկած չկա, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, Երևանի ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մեր պատկերացմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդ քրեական գործին «ծանր վիրավորանք» հասցնելու համար 137.1 հոդվածի 2-րդ մասը դառնալու է 137․1 հոդվածի 3-րդ մաս և էապես ավելանալու է տուգանքի չափը՝ մինչև 3 մլն դրամ և նախատեսված է նաև կալանքը՝ որպես պատիժ՝ 1-3 ամիս ժամկետով»,- ասել է նա։

Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է, որ օրենքն ընդունվել է միայն ՔՊ-ի քվեարկությամբ, հենց ՔՊ-ին վիրավորանքներից պաշտպանելու համար։

«Շատ սիմվոլիկ թվով հոդվածը, 37-ը այնտեղ պիտի լիներ, ունի 3 մաս։ Երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության հետ կապված վիրավորանքին, 3-րդ մասը պարբերաբար ծանր վիրավորանք ներկայացնելուն»,- ասել է նա։

Ռուբեն Մելիքյանն ընդգծել է, որ Արմինե Ադիբեկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք չի հասցրել, քանի որ հենց Փաշինյանը իր գրքում խոսել է այդպես, և Արմինե Ադիբեկյանը գրածն է մեջբերել։

«Գուցե ինչ-որ մեկը դիմի մեր իրավապահներին, որպեսզի ծանր վիրավորանքի հոդվածով գործ հարուցվի Իլհամ Ալիևի դեմ․ նա շատ ավելի լուրջ հայտարարություններ է անում, գուցե հարուցվի, գուցե նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի»,- ասել է նա։

Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ վաղ թե ուշ միազգային կառույցները այս իրավիճակին արձագանքելու են, քանի որ գործերի ծավալը մեծ է․ երեկ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ևս հրավիրվել էր իրավապահների կողմից, ընդորում՝ քաղաքական գնահատական տալու համար, քանի որ գրառել էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ազգակործան քաղաքականություն է վարում։

«Սա եվրոպական հայտարարված արժեքների ոչ թե կարմիր, այլ ուլտրակարմիր գծերի հատում է»,- շեշտել է Մելիքյանը։