Լրահոս
Միջազգային
21:30
27.06.26
197

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում օտարերկրյա առաջնորդներին հասկացրել է, որ կարող է հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էր բերել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում (Ալյասկա նահանգ) տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Axios պորտալում հրապարակված հոդվածում, որը հղում է կատարում սեփական աղբյուրներին։

«Գագաթնաժողովին ներկա երկու պաշտոնյա հայտնել են, որ Թրամփը հայտնել է իր հիասթափությունը Պուտինի վերաբերյալ և նույնիսկ հասկացրել է, որ կարող է հրաժարվել Անքորիջի պայմանավորվածություններից, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն համաձայնել էր Ռուսաստանի այն պահանջին, որ նա կվերահսկի Դոնբասը ցանկացած պայմանավորվածության շրջանակներում», - ասված է հոդվածում։

Հրատարակության զրուցակցի տեղեկատվությամբ՝ չնայած Թրամփի թերահավատությանը, «[G7-ի] մյուս առաջնորդները չեն հավատում, որ նա իրականում որևէ քայլ կձեռնարկի այդ ուղղությամբ»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները Անքորիջում Ուկրաինայում կարգավորման շուրջ վերջնական պայմանավորվածությունների չեն հասել։ Նրա խոսքով՝ «Ալյասկայում համաձայնագիր չի եղել, Ալյասկայում եղել է առաջարկ»։ Դրանից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել հստակություն մտցնել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ։ «Իհարկե, պետք է հստակություն մտցնել ամբողջ այս իրավիճակի մեջ։ Բայց փաստը մնում է փաստ, որ Ալյասկայում քննարկվել են ԱՄՆ-ի առաջարկները, որոնք ընդունվել են ռուսական կողմից», - նշել է նա։

2025 թվականի օգոստոսի 15-ին Անքորիջի շրջանում գտնվող ռազմակայանում տեղի է ունեցել ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունների արդյունքներով մամուլի համար արված հայտարարության մեջ Պուտինը հայտնել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը դարձել է կայացած գագաթնաժողովի հիմնական թեման։ Նա կոչ է արել շրջել ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների էջը և վերադառնալ համագործակցության, ինչպես նաև Թրամփին հրավիրել է Մոսկվա։ Իր հերթին, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին, սակայն նշել է, որ ոչ բոլոր հարցերում է հաջողվել կողմերին համաձայնության գալ։