Լրահոս
Հայաստան
14:18
28.12.20
95

Սա մինչև չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է. Վազգեն Մանուկյան

Img default alt hy

Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա: Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական  թեկնածու Վազգեն Մանուկյանը:

 «Այն, ինչ արվեց, ներել հնարավոր չի: Եվ այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է ՀՀ-ի համար»,- նշեց նա:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին, որի մասին խոսեց նաև  Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների:

«Ինքը դիտմամբ դաշտը նորից ուզում է բաժանի կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն: Սովորական տրյուկն է՝ հին և նոր, սև և սպիտակ, էլիտա-ժողովուրդ: Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախևառաջ ինքը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որն ինչ-որ ժամանակում՝ նախատեսված է մեկ տարի, մի քիչ գոնե ուշքի բերի երկիրը, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների՝ կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ՝ սահմանների վերաբերյալ, որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է: Մենք շարունակում ենք տալ ու տալ, նույնիսկ կոմունիստների ժամանակ ամեն մի թիզ հողի համար մեր Կենտկոմն ու իրանց Կենտկոմը իրար հետ կռվում էին: Իսկ այստեղ առանց որևիցե բանակցությունների, առանց որևէ միջազգային իրավունքի՝ տրվում են սահմանները: Սա մինչև չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելն անիմաստ է: Ընտրությունններ՝ այս պահին կամ մեկ-երկու ամիս հետո, դա նշանակում է՝ նորից տրոհել Հայաստանը, որովհետև ընտրությունը նշանակում է՝ պայքար: Բոլոր կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել: Այս վիճակում իմա՞ստ ունի՝ մտնենք այդ պրոցեսի մեջ: Մինչև ուշքի չգանք, չի կարելի: Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա: Ես չեմ ուզում անգամ քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է, և արտահերթ ընտրություններ են լինում: Մինչև ինքը չգնա, ոչ մի ընտրություն ՀՀ-ում չի լինի: Կամ ընտրությունը վերածվելու է Աստված գիտի ինչ ընդհարումների ՀՀ-ի ներսում: Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու: Դա՞  է ուզում»,-  շեշտեց Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ սրան հակազդելու է ամբողջ ժողովուրդը: Այսինքն, ժողովուրդը պետք է հավաքվի, Փաշինյանին հեռացնի և նոր սկսի կառուցել իր նոր կյանքը:

Հիշեցնենք, որ այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ առավոտյան երիտասարդները ձվեր էին նետել ԱԺ պատգամավորների ուղղությամբ, ոստիկանությունը բազմաթիվ ցուցարարների բերման է ենթարկել: