Լրահոս
Քաղաքական
14:36
28.12.20
102

ՀՔԾ պետն ու Գլխավոր դատախազը կարող են Փաշինյանի ձերբակալելու որոշում կայացնել, միայն թե երկու նախապայման պետք է լինի. Արա Զոհրաբյան

Img default alt hy

Այսօր ասուլիսի ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա  Զոհրաբյանը իրատեսական համարեց, որ ՀՔԾ պետն ու Գլխավոր դատախազը կարող են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշում կայացնել, միայն թե երկու նախապայման պետք է լինի՝ տեսնել այն մարդուն, ով պատրաստ է իշխանություն վերցնել և պահել, ունենալ հումանիտար միջանցք հեռանալու համար:

Խոսելով հասարակության գիտակցության վրա ազդելու համար օգտագործվող տեխնոլոգիաների մասին՝ նա նշեց, որ, ցավոք, գիտության զարգացումը մարդու հավատալ-չհավատալու կերպը չի փոխել, մարդիկ հավատում են սրտով:

«Ուզենք թե չուզենք, Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդի հավաքական կերպարն է, որովհետև ժողովուրդն ընդունելով նրան՝ ցույց է տվել, որ իր քիմքին հաճելի է այս բնավորությունն և այս որակներն ունեցող մարդը: Դա, իհարկե, մինչև պատերազմն էր»,- ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանը նաև պնդեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո որոշ ժամանակ ՀՀ-ում առհասարակ իշխանություն չի եղել, սակայն այն վերցնող էլ չի եղել:

«3 օր իշխանությունն ընկած էր հրապարակում, և որևէ մեկը չվերցրեց, 3 օր հետո Նիկոլ Փաշինյանն էլ զարմացավ, որ իշխանությունը վերցնող չկա, և եկավ հետ վերցրեց, շատ մարդիկ և շատ խմբեր զարմացան, որ որևէ մեկը չի ուզում վերցնել իշխանությունը: Ես հասկանում եմ ընդդիմության մտահոգությունը, որ, եթե վերցնեին, ապա իրենք էին ստորագրած փաստաթղթի հետևանքները կրելու, և որևէ մեկը չցանկացավ էդ պատասխանատվությունն իր վրա վերցնել»,- ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանն ընդգծեց, որ հանրության ցանկացած բաժանում ծառայում է «սևեր-սպիտակներ» հայտնի թեզի շարունակմանը:

Անդրադառնալով, օրեր առաջ ֆեյսբուքյան տիրույթում արված կոչերին՝ դեկտեմբերի 27-ին Մայր աթոռի բակում փիլոնազրկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Փաստաբանների պալատի նախագահը նշեց. «Եկեղեցու թուլացումը և հասարակության մոտ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելն իշխանության օրակարգային հարցերից մեկն էր»:

«2018թ․, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, առաջնային թիրախներից մեկն ընտրվել էր Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցին: Բոլորս հիշում ենք, թե ի՞նչ տեղի ունեցավ և՛ եկեղեցու, և՛ Վեհափառ հայրապետի նկատմամբ: Դա պատահական չէր, քանի որ եկեղեցին ազգային ինստիտուտ է և ունի իմունիտետ՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը»,- ասաց Զոհրաբյանը:

Հարցին՝ արդյոք վերոնշյալ կոչի տարածման պատճառ չդարձա՞վ ընդդիմության արձագանքը, Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքն էլ լուրջ է վերաբերվել այդ կոչին և պնդում է, եթե նման արձագանք չլիներ՝ նախատեսված ակցիան կիրականանար:

«Այսպես է սկսվում: Իրենք ստուգում են հասարակության  ռեակցիան, տեսնում են՝ հասարակությունը եկեղեցու նկատմամբ ի՞նչ վերաբերմունք կունենա, եթե չլինեին պաշտպանող գրառումներ և դա տարածում չստանար, միգուցե իրենք իրենց սև գործն անեին, ինչպես, օրինակ, փորձեցին անել Սիսիանի եկեղեցում՝ մի խումբ անձինք գնացին, փորձեցին քահանայի նկատմամբ ոտնձգություն իրականացնել»,- ասաց Զոհրաբյանը: