Լրահոս
Հայաստան
14:33
18.12.20
61

Էս երկրում մի պատասխանատու անձ կա՞, որ գա պատասխան տա այս իրավիճակի համար. Մենուա Հովսեփյան

Img default alt hy

Սյունիքի մարզում արդեն երկրորդ օրն անցկացվող բողոքի ակցիաների նպատակը մարզի անվտանգության ապահովումն է։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն իր տեսաուղերձում նշեց.«Սյունիքի մարզը կորցնում ենք, Հայաստանի ողնաշարն ենք կորցնում։ Ժողովուրդը ոտքի է կանգնել, որպեսզի փորձի ինչ–որ ձևով հարցին լուծում տալ»:

Նա ավելացրեց, որ պատերազմի օրերին Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարները դիրքավորվել էին` պաշտպանելու իրենց համայնքների անվտանգության բուֆերային գոտին։

«Բայց չարաբաստիկ հայտարարությունը մի կողմից, մյուս կողմից` Սյունիքի մարզի բոլոր պոստերը երեկվանից հետ ենք տալիս, գալիս են մտնում մեր համայնքների տարածք։ Այս ճանապարհը, որի վրա մենք հիմա կանգնած ենք, թուրքերի քարտեզներով ու մեր չակերտավոր իշխանության համաձայնությամբ, ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մենք այսօր անվտանգության լուրջ խնդիր ունենք։ Փորձում ենք այս ամենը կանխել, ու ամենակարևորը` հասկանալ` Էս երկրում մի պատասխանատու անձ կա՞, որ գա պատասխան տա այս իրավիճակի համար»,– ասաց նա։

Ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ շարունակելու են փակ պահել Գորիս-Կապան ճանապարհը այնքան ժամանակ, մինչև «մի ադեկվատ մարդ հայտնվի»։

Մենուա Հովսեփյանը նշեց նաև, որ սյունեցիները սպասում են այն մեկ մարդուն, որ կկարողանա ստեղծված ծանր պայմաններում պահել Սյունիքը։ Միաժամանակ սյունեցիները սպասում են նաև ՀՀ, իրենց որակմամբ` «հանցավոր» կառավարության հրաժարականին ու պահանջում, որ ՀՀ ԶՈւ–ը վերադառնան այն դիրքերը, որտեղ եղել են հրադադարի հայտարարության ստորագրության պահին, այնպես, ինչպես նախատեսված է այդ փաստաթղթով։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին իր ամենամյա մեծ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը Լեռնային Ղարաբաղում պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։